Ի դեպ. Ռոբերտ Քոչայանի խափանման միջոցի, Գարեգին 2-րդի գնահատականի ու արձագանքների մասին
Ի դեպԻ դեպ, այսօր մամուլում ու սոցցանցերում քննարկվող ամենաթեժ թեման Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գնահատականն է հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։ Հիշեցնեմ, նա ասել է. մեջբերում եմ «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
Գարեգին Երկրորդի այս հայտարարությանն առաջինը արձագանքեց կառավարությունը։ Վարչապետի մամուլի խոսնակը նախ հիշեցրեց, որ Քոչարյանի հետ նույն գործով անցնող Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորել էր նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը։ Մայրապետյանը, հայտնվելով ազատության մեջ, բուժման նպատակով հեռացել է Հայաստանից ու այլեւս չի վերադարձել։ Իսկ Կառավարությունը Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի։
Փոխարենը բավական կոշտ մեկնաբանություններով հանդես եկան պետական պաշտոնյաներ ու հանրային գործիչներ՝ հիմնականում իշխանության ճամբարից ու նրանց նույնչափ կոշտ հակադարձեցին հայ առաքելական եկեղեցու սպասավորներն ու նախկինները։ Ու սկսվեց մի իսկական քարոզչական պատերազմ։ Ի դեպ, այդ քարոզչական պատերազմը մինչ այս էլ կար։ Կաթողիկոսի անդրադարձը երկրորդ նախագահի խափանման մինջոցին միայն առիթ էր, որպեսզի այն ջրի երես դուրս գա։ Շատերի ուշադրությունից չէր վրիպել այն փաստը, որ համընկան ու նույն օրն ու նույն ժամին միաժամանակ հեռարձակվեցին Մայր Աթոռի հայտարարած համազգային աղոթքն ու հանրապետության վարչապետի հեռուստատեսային հարցազրույցը։
Սա հավանաբար պատահականություն չէր։ Եթե նույնիսկ պատահականություն էր, միեւնույն է, այն խոսում է եկեղեցու եւ իշխանության չհամաձայնեցված գործողությունների մասին։ Իսկ նման գլոբալ աղետի պայմաններում քաղաքական ու հոգեւոր իշխանությունները, ինչքան էլ դրանք անջատ լինեն, պետք է գործեն համաձայնեցված ։ Ինչեւէ. Ի սկզբանե ակնհայտ էր, որ ներկա իրավիճակում Վեհափառի խոսքը ազդեցություն չէր ունենալու երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշման վրա, ինչքան էլ ցավալի է խոստովանել, այն որեւէ հանրօգուտ նշանակություն չէր ունենալու, չէր նպաստելու հանրային համերաշխության հաստատմանը։ Ճիշտ հակառակը՝ էլ ավելի էր շիկացնելու առանց այդ էլ շիկացած մթնոլորտը, ինչը եւ տեղի ունեցավ։ Մնում է հասկանալ, թե ով կամ ինչը ստիպեց Վեհափառ Հայրապետին հայտնվելու կոշտ քննադատությունների թիրախում։ Հանուն ինչի ու ինչ նպատակներով։