Օրեր առաջ մենք գրել էինք, որ Հրազդանում կորոնավիրուսի բռնկման օջախը հարսանյաց սրահն է եղել: Մենք նշել էինք նաև, որ վարակված անձը հանդիսությունների սրահներից մեկի խոհարարն է, որտեղ 300 հյուրի մասնակցությամբ հարսանիք էր տեղի ունեցել: Սակայն պարետատան պահանջով մեր նշված նյութը հեռացրեցինք կայքից (ինչի մասին հայտնել ենք ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված գրառմամբ):
Այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։ Վերջինս մարտի 20-ին Մարմարիկում մասնակցել է հարսանիքի: Հավանաբար խոսքը նույն հարսանիքի մասին է, որին մենք անդրադարձել էինք դեռ օրեր առաջ եւ որի մասին ամբողջ մարզը գիտի, իսկ պաշտոնյաները շարունակ լռում էին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Մեղրաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Պետրոսյանն անդրադառնալով դեպքին ասաց. «Որ գրում են այդ մարդու մասին, ինքը մեր համայնքից չի եղել, գյուղի թոռ է եղել, նշված հարսանիքին մասնակցել է»:
«Հարսանիքին մասնակցել է մոտ 70 հոգի, բոլորը մեկուսացված են եղել՝ բժիշկների հսկողության տակ, նույնիսկ 15-16 տարեկան տղա կար, հազում էր, տարան ստուգեցին, բացակայում էր վիրուսը, մոտ մի ամիս էլ մնացին տները, վերջում բոլորին թեստավորեցին, բոլորը բացասական էին», - ասաց Պետրոյանը:
Դիտարկմանը, որ նշվում է հարսանիքին մոտ 300 հոգի է մասնակցել, նա նշեց. «Չեմ կարող ասել այդքան մարդ մասնակցել է, թե չէ, այս պահին գյուղից նշված դեպքի հետ կապված մեկուսացվածներ էլ չկան»:
Հարցին՝ գյուղում մինչ այս պահը քանի դեպք է հաստատվել կորոնավիրուսի՝ վարչական ղեկավարը պատասխանեց. «Ոչ մի, փառք աստծո, չունենք ոչ մի հաստատված դեպք»:
Նա նաև նշեց, որ գյուղում շարունակում են հետևել խստացված ռեժիմին. «Մարդիկ դուրս ու ներս չեն անում, գյուղում ախտահանման աշխատանքներ են արվում, գյուղի մուտքը քլորաջրով ախտահանվում է պարբերաբար»:

