Աշոտ Միրզոյանի՝ ՀԽ-ին անդամակցության հարցը քննարկման կդրվի. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
Հանրային խորհրդին Աշոտ Միրզոյանի անդամակցության հարցը քննարկման կդրվի խորհրդի առաջիկա նիստում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Միրզոյանի աղմկահարուց գրառմանը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Գյումրիում սպանված կնոջ հասցեին։ Սաֆարյանն ասաց, որ առավոտյան, երբ ստացա հանրության ահազանգը «այդ անթույլատրելի գրառման վերաբերյալ»՝ ինքը փորձել է պարզել, թե ով է Միրզոյանը։ «Բոլոր հանձնաժողովների անդամներին չէ, որ ճանաչում ենք, հատկապես, որ ես նոր եմ նշանակված, հանձնաժողովների անդամների հետ կապը շատ թույլ է եղել, անգամ հանձնաժողովների նախագահների հետ կապը շփում շատ չի եղել։ Կարինե Դանիելյանի հետ փորձել ենք պարզել նրա ինքնությունը, և պարզվել է, որ հանձնաժողովի նման անդամ ունենք, որից հետո փորձել ենք զանգել, նա չի պատասխանել, հետո անձնական նամակ եմ ուղարկել ֆեյսբուքով՝ հորդորելով գրառումը ջնջել, որին նույնպես չի պատասխանել։ Դրանից հետո գրառման տակ ստիպված եմ եղել արձագանքս դնել գրառման տակ։ Ծավալվել է բանավեճ և պարոն Միրզոյանն անվրդով է մնում իր տեսակետում, որն այնքան էլ տեսակետ չէ, որքան վիրավորանք՝ իրավունքը մերժող գնահատականներով»,-ասաց նա։ Սաֆարյանը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է պատրաստվում՝ ըստ որի՝ Հանրային խորհրդի առաջիկա նիստում կքննարկենք այդ հանձնաժողովին պարոն Միրզոյանի անդամակցությամբ շարունակության հարցը։ Միրզոյանն անդամակցում է բնապահպանության հարցերով հանձնաժողովին։ «Ըստ էության՝ նա կարծիք է հայտնել ոչ իր փորձաքննության դաշտում, որպեսզի մենք գնահատենք իր փորձաքննության մեջ անաչառ, անկողմնակա՞լ է, թե ոչ։ Սա զուտ անձնական կարծիք է և չի կարող համարվել Հանրային խորհրդի տեսակետ դիրքորոշում։ Մենք չենք կարող կարծիքների ազատությունը սահմանափակել, այստեղ ոչ այնքան խնդիր կա էթիկական նորմերի տեսակետից, որքանով որ նրա գրառման մեջ բռնության արդարացման տարր կար, որն, ըստ էության, ՀՀ օրենսդրությամբ արգելված դրսևորում է»,-ասաց Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում մասնացորապես գրել էր. «43 տարեկան ղախպեն 28 տարեկան տղին վրաքաշ է արել` զբաղեցրել է, չի թողել, որ ընտանիք կազմի: Է, հետո ... պիտի հարգե՞ր նրան այդ 28 տարեկան գյադեն:
Չեմ էլ զարմանա, եթե նա նույնիսկ այն 13 տարեկան աղջնակին ցանկացած լինի: Նման տականք գյադին ի՞նչ տարբերություն` 15 տարով մեծ լինի իրենից, թե 15 տարով փոքր:
Բայց այդ լիրբը(հողը թող խաբար չտանի) աղջիկ երեխու ներկայությամբ սիրեկան է ընդունել: Երես է տվել...Անուղեղ հավը»: