Ի դեպ. Կորոնավիրուսի ու Իրանի հետ հաղորդակցության սահմանափակման մասին
Ի դեպԻ դեպ, Հայաստանի կառավարությունն այսօր որոշում կայացրեց երկու շաբաթով սահմանափակել հաղորդակցությունը հարեւան Իրանի հետ: Պատճառը կորոնավիրուսն է, որ տարածում է գտել հարեւան երկրում ՝ մահացության դեպքերով: Քննարկումներն այս թեմայի շուրջ ավելի վաղ էին սկսվել ոչ միայն կառավարական, այլեւ հանրային մակարդակով եւ ինչպես միշտ՝ կարծիքները հակասական ու իրարամերժ էին։Մի մասը պնդում էր, թե վախենալու պատճառ չունենք, պետք չէ «պանիկա» տարածել» ու նման քայլ ձեռնարկել բարեկամ երկրի նկատմամբ, մյուս մասը՝ որ չի կարելի «քնել ուղտի ականջում», որ կորոնավիրուսը տարածվում է չափազանց վտանգավոր արագությամբ, իսկ դրա տարածումն արդեն Հայաստանի հարեւան երկրում, պարզապես պարտադրում է հրատապ քայլեր ձեռնարկել, իսկ մեր իշխանությունները անհասկանալի ու չարդարացված հանգստություն են ցուցաբերում։
Ինչեւէ, որոշումը կայացված է, թեեւ հաղորդակցության սահմանափակումներն այնքան էլ կոշտ չեն։Մասնավորապես, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու են ոչ ամբողջական սահմանափակումներ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացվելու են առանց սահմանափակումների՝ վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ է կիրառվելու պարզապես, որեւէ սահմանափակում չի կիրառվելու Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Այս բավական փափուկ միջոցներով հանդերձ, Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումն իհարկե մարտահրավեր է Հայաստանի համար, որին, ինչ որ չափով, մեր կառավարությունը պիտի որ պատրաստ լիներ ավելի վաղ, քան կորոնավիրուսի տարածումը։
Նկատի ունեմ հայ-իրանական սահմանի՝ որոշ ժամանակով փակ լինելու հեռանկարը դեռ Բոլթոնի այցից ու Հայաստանի վարչապետի՝ այս թեմայով հայտարարությունից հետո։ Հիմա անկախ այն բանից, թե սահմանափակումների պատճառը քաղաքական է, թե առողջապահական, կարեւորն այն է, թե ինչպես կհաղթահարենք այն ու ինչ հետեւանքներ ու արդյունքներ կունենանք։
Հայաստանի կառավարությունը այս երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինելու է սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնելու է տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:Ինչ վերաբերում է տնտեսական հետեւանքներին, ապա խոշոր ենթակառուցվածքները՝ գազատար, հոսանքագծեր եւ այլն,բնականաբար կշարունակեն գործել, կտուժեն սահմանային առեւտրով զբաղվողները, եւ մեկ էլ՝ որ առջեւում Նովրուզն է, ու իրանցի զբոսաշրջիկներից ակնկալվող եկամուտները չեն լինի։
Բայց սա չարյաց փոքրագույնն է, կարեւորը, որ կորոնովիրուսը Հայաստան չներթափանցի։ Աստված մի անի, ներթափանցման դեպքում էլ՝ կարողանանք համարժեք արձագանքել։