Ի դեպ. ԶՈՒ-ում պաշտոնազրկումների մասին
ADTVԻ դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից, իսկ Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։
Հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ցավալի դեպքերից հետո այս պաշտոնազրկումները սպասելի էին, այս մասին արդեն որպես կայացած փաստ էր խոսվում վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունից հետո, երբ հայտարարվեց, որ կառավարությունում քննարկվել են բանակում տեղի ունեցած դեպքերը եւ կայացվել են մի շարք կարեւոր որոշումներ, այդ թվում կադրային:
Հատկանշանակն է, որ միայն այս հայտարարությունից հետո մամուլում սկանդալային լուրեր պտտվեցին, մասնավորապես ՌՈ նախկին պետի գործունեության մասին ընդհանրապես եւ հեղափոխության օրերին նրա սկանդալային հայրարությունների ու գործելաոճի մասին՝ մասնավորապես։ Ինչեւէ, այս պաշտոնանկություններն արդեն կայացած փաստ են, սակայն պաշտոնանզրկումների շարքը հավանաբար սրանով չի ավարտվի, շատ հավանական է, որ այն կհասնի նաեւ Արցախի Պաշտպանության բանակ առաջիկա օրերին, երբ տեղի կունենա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Այլ հարց է, թե արդյոք դրանք բավարար են բանակային կարգապահության հետ կապված խնդիրները լուծելու համար։ Իհարկե՝ ոչ։
Հիշեցնեմ, խորհրդակցության ժամանակի վարչապետ Նիկոլ փաշինյանը առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Ի դեպ,այս պաշտոնանկությունների մասին խոսակցություններին զուգահեռ սկսեցին շրջանառվել նաեւ այդ պաշտոններում հավանական թեկնածուների անունները։
Մասնավորապես, ՌՈ պետի պաշտոնի համար չորս գնդապետների անուն է շրջանառվում՝ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյան, ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյան, ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյան, եւ Վանաձորի ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյան։Ի դեպ, վերջինս նաեւ վարչապետի հետ քաղաքական պայքարի ճանապարհ է անցել 2008-ին, եղել է «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ։Սպասենք, տեսնենք։