Ի դեպ. Հանրաքվեի քարոզարշավի մասին
Ի դեպ
Ի դեպ, Հայաստանում արդեն պաշտոնապես մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հարցով կայանալիք հանրաքվեի քարոզարշավը։Պաշտոնապես մեկնարկել է, գործնականում՝ դեռ ոչ։ Թամաշան դեռ առջեւում է։Իսկ մինչ այդ՝ «Իմ քայլը» ձեւավորել է ԱՅՈ-ի կողմը, իսկ ՈՉ-ի կողմում քաղաքական ուժեր չկան, ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական, այստեղ միայն իրավաբաններ են իրավապաշտպաններ։ Ստեղծված իրավիճակում բավական հետաքրքրական է, թե ինչպիսի ընթացք կունենա քարոզչությունը։Պիտի ենթադրել՝ ԱՅՈ-ի կողմը առաջին պլան կմղի ոչ միայն ու ոչ այնքան սահմանադրական դատարանի խնդիրը, այլեւ հեղափոխության, դրա վերջնական հաղթանակի, նորի ու հնի, հներից վերջնականապես ազատվելու հարցերը։ Իշխանությունը պիտի կոչ անի ազատագրել երկիրը կոռումպացված նախկինների մնացորդներից,հանուն ժողովրդավարության մարդու իրավունքների ու պայծառ ապագայի։ Իշխանությունն այս հանրաքվեին բավական լուրջ է վերաբերվում, այնքան, որ նույնիսկ քարոզչական բրենդինգի մրցույթ հայտարարեց, վարչապետի բանաստեղծության մասին էլ չասեմ։Ինչ վերաբերում է ՈՉ-ի կողմին, ապա ինչպես նշեցինք, այստեղ միայն իրավաբաններ ու իրավապաշտպաններ են, որոնք բնականաբար շեշտադրելու են իրավական խնդիրները, փորձելու են համոզիչ կերպով հիմնավորել,որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։
Այս երկու կողմերն էլ փորձելու են ապացուցել, որ իրենց ջանքերն ու գործողությունները միտված են ի շահ Հայաստանի Հանրապետության։Ինչ վերաբերում է հանրաքվեին չմասնակցող ու բոյկոտի կոչ անողներին, ապա նրան չմասնակցելն էլ յուրօրինակ մասնակցություն է՝ քաղաքակա դիվիդենտներ ստանալու հեռահար ակնկալիքով։ Ու եթե հանկարծ ստացվի այնպես, որ հանրաքվեն ոչ բավարար մասնակցության պատճառով համարվի չկայացած, ապա սա հնարավորություն կտա նրանց ասելու, թե ժողովուրդը լսել է իրենց հորդորը, չի մասնկացել հանրաքվեին, եւ ուրեմն խորհրդարանում չկա քաղաքական մեծամասնության, խորհրդարանում ձեւավորված պատկերը չի արտահայտում հանրային տրամադրությունները, այլ կեր ասած՝ «ձեզ սխալ են զեկուցում, դուք իրավիճակին չեք տիրապետում»։
Այնպես որ, բոլորի հույսը ժողովուրդն է՝ նորից, կրկին ու դարձյալ։Իսկ ինչպիսին են հանրային տրամադրությունները։Բնականաբար՝ ԱՅՈ-ն, ՈՉ-ը եւ բոյկոտողներն ունեն իրենց կողմնակիցները։ Ինչ հարաբերակցությամբ՝ կերեւա միայն այն ժամանակ, երբ ԿԸՀ-ը կհայտարարի հանրաքվեի արդյունքները։ Սպասենք, տեսնենք։