Ի դեպ. Գերմանիայում ԼՂՀ հարցով Նիկոլ Փաշինյանի արձանագրումների մասին
Ի դեպ
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում է, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Մեզ համար այս համաժողովը հետաքրքիր է նաեւ այն պատճառով, որ դրան մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ չի բացառվում, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում կամ ոչ ֆորմալ շփումներ ունենան։ Բայց մինչեւ համաժողովն արդեն Հայաստանի վարչապետն առիթներ ունեցել է անդրադառնալու ղարաբաղյան հիմնախդրին՝ մի քանի կարեւոր արձանագրումներով։
Հիշեցնեմ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Փաշինյանի հետ քննարկելիք ամենակարեւոր հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընաց ունենալն է։
Այնուհետեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ վարչապետը ադրբեջանցու հարցին ի պատասխան՝ խոսեց նաև Շահումյանի օկուպացիայի մասին: Վարչապետը խոսեց նաեւ ժողովրդավարության մասին, որպես Ղարաբաղի հարցի կարգավորման կարևորագույն դետալ։ Սա հատկապես ուշագրավ է Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ, բայց կեղծված հերթական ընտրությունների ֆոնին։ Չափազանց ուշագրավ էր ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցչի դիտարկմանը, թե Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջւանում շատերը հույս են ունեցել, թե հայկական զորքերը կհեռանան Լեռնային Ղարաբաղից, բայց հետո Փաշինյանը հայտարարել է, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։
Մեջբերում.« Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որեւէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը»։
Սա մեջբերման ավարտն էր։ Իսկ ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», դա վարչապետի պարզաբանմամբ, ունի շատ պարզ եւ կոնկրետ բացատրություն, այն է՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։ Ըստ էության Հայստանը, բանակցային նոր փուլի մեկնարկից առաջ սահմանում է շատ պարզ ու կոշտ նշաձող։ Անվտանգությունը չի զիջվում ու չի փոխզիջվում։