Ի դեպ. Բանակում մահվան դեպքերի մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին ստացանք հերթական ցավալի լուրը բանակից։ Ժամկետային 2 զինծառայող մահացու հրազենային վիրավորում են ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։ Միջադեպերը եղել են տարբեր զորամասերում, երկու զինվորներն էլ մահացել են գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110-րդ հոդվածով 1-ի մասի հատկանիշներով։ Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ի դեպ, այս տարվա ընթացքում արդեն 10 զինվոր է մահացել բանակում, խաղաղ պայմաններում։ Թե ինչն է եղել զինվորների մահվան պատճառը կոնկրետ այս դեպքերում, իրավապահները պիտի պարզեն, բայց ակնհայտորեն պետք է ավելի բաց խոսել նմանօրինակ դեպքերի խորքային պատճառների մասին։Նախորդ անգամ ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, թե պատճառը գումար հավաքելու իրողությունն է, անգամ պնդում կար, թե բանակում գումար հավաելու հղկված համակարգ է գործում, որով զբաղվում են այսպես ասած «նայողները»։
Չգիտեմ այս պնդումներն ինչքանով են համապատասխանում իրականությանը, բայց ըստ ամենայնի չափազանցություն չի լինի, եթե կարծենք, որ եթե ոչ բանակում ընդհանրապես, ապա որոշ զորամասերում գործում է ոչ թե օրենքն ու զինվորական կանոնագիրը, այլեւ «նայողների» ու «հարց լուծողների» ինստիտուտը։ Ի դեպ, բոլորովին վերջերս ԱԺ-ը օրենք ընդունեց, որ միտված է ուժեղացնելու պայքարը քրեական ենթամշակույթի դեմ եւ այս պայմաններում այն, ինչ կատարվում է բանակում, նման է սաբոտաժի։ Գուցե այդ պայքարը հենց բանակի՞ց է պետք սկսել։
Ինչեւէ, անհրաժեշտ է օր առաջ, ժամ առաջ այս ամենի դեմն առնել։ Երկարաժամկետ կտրվածքով դպրոցից ու ԲՈՒՀ-երից, իսկ կարճաժամկետ՝ հենց զորամասերից, ընդհուպ մինչեւ հրամկազմի փոփոխություն, որոշ գեներալների ուսադիրներից զրկում,հոգեբանական ու բացատրական աշխատանքներ եւ այլն։ Ծնողը բանակին զինվոր է տալիս իսկ պետությունը պարտավոր է ապահովել զինվորի անվտանգությունն առնվազն խախաղ պայմաններում ։Ավարտեմ Օպերային երգչուհի, աշխարհահռչակ Հասմիկ Պապյանի գրառման մեջբերումով.«Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները»: