Ի դեպ. Արցախում նախընտրական վերադասավորումների մասին (տեսանյութ)
ADTV
Ի դեպ, մինչ Հայաստանում քաղաքական ուժերը զբաղված են սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հարցով, Արցախում իսկական նախընտրական եռուզեռ է։ Մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ այստեղ շարունակվում է քաղաքական ուժերի միավորումների, սահմանազատումների, դիրքովորումների, հստակեցումների շրջանը։
Մի բան ակնհայտ է, այս անգամ, թերեւս առաջին անգամ ընտրությունները լինելու են խիստ մրցակցային,ի տարբերություն նախընթաց տարիների, երբ ամեն ինչ կարծես նախանշված էր լինում նախապես, Հայաստանի իշխանությունների այսպես ասած« բարձր հովանու ներքո»։ Ակնհայտ է, որ Հայաստանի 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները նկատելի ազդեցություն են թողել Արցախի քաղաքական դաշտի վերաձևավորման վրա։ Նախկինի իներցիայով, հիմա էլ շրջանառվում է Հայաստանի իշխանության համար նախընտրելի թեկնածուի անուն, սակայն այդ մասին Հայաստանից որեւէ բարձրաձայնում չէ եղել ու հավանաբար չի էլ լինի։ Մինչ այդ, ինչպես նշեցինք դիրքավորումների ու միավորումների հետաքրքիր գործընթաց է Արցախում եւ դրա ցայտուն դրսեւորումներից մեկը Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան նոր ձեւավորվող տանդեմն է։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը հնարավորություն չի ունենալու մասնակցել ընտրություններին, նա հայտարարեց, որ պատրաստվում է սատարել նախագահի թեկնածուներից մեկին։ Տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն Մասիս Մայլիյանի ներկայությունը Բաբայանի կուսակցության համագումարին արդեն հասկացնել էր տալիս, որ այդ թեկնածուն հենց Արցախի գործող արտգործնախարարն է։
Հենց այդպես էլ եղավ, նախօրեին արդեն Բաբայանի գլխավորած կուսակցությունը հայտարարեց, որ սատարելու են Մասիս Մայիլյանին: Քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ եթե Մասիս Մայիլյանին հաջողվի իր շուրջ համախմբել եւս մի քանի թեկնածուի, կամ ազդեցիկ դեմքերի, ապա նա լուրջ մրցակից կդառնա այս պահին ֆավորիտ համարվող թեկնածուներից Արայիկ Հարությունյանի համար։ Իսկ Արայիկ Հարությունյանը ֆավորիտ է համարվում իր ունեցած քաղաքական, ֆինանսական կապիտալով եւ էլեկտորատով, հեղափոխությունից հետո աչքի է ընկնում ՀՀ իշխանություններին անվերապահ աջակցող հայտարարություններով։ Ինչեւէ, Արցախում նախագահի թեկնածուների ցանկը բավական մեծ է, նրանց առանձին-առանձին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք։