Ի դեպ. Հանրաքվեի «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերի մասին
Ի դեպԻ դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը:Համաձայն ժամանակացույցի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին։Համաձայնեք, հանրաքվեն բավական հետաքրքիր է ոչ միայն արդյունքների առումով, այլեւ ընթացքի։
Ինչպիսի՞ արդյունքներ կունենանք, եթե հանրաքվեն կայանա։Քվեարկությանը կմասնակցի X թվով քաղաքացի, այդ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ԱՅՈ կասի, այլ հարց է, թե արդյո՞ք մասնակիցնրի թիվը բավարար կլինի՝ հանրաքվեն կայացած համարելու համար։Հանրաքվեին քաղաքացիների բավարար մասնակացությունը իշխանության գլխացավանքներից մեկը կլինի, բայց ոչ միակը։Մյուս գլխացավանքը կապված է քարոզարշավի ընթացքի հետ։Այս հարթության մեջ բազմաթիվ հարցեր են առաջանում, անդրադառնանք դրանցից մեկին։
Տեսեք,«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում ասվում է, որ Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, կամ քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն, սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ կարող է գործել միայն մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ։ Հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրից հետո հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:Այստեղ ամեն ինչ պարզ է, խնդիր չկա, ինչը չի կարելի ասել «ՈՉ»-ի դեպքում։
Բանն այն է, որ «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորները:Մեր խորհրդարանում ԲՀԿ-ն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, իսկ դրան դեմ քվեարկած ԼՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու ՈՉ-ի քարոզարշավին, քանի որ գործընթացը համարում է անօրինական, քաղաքական լեզվով ասած՝ ոչ լեգիտիմ։Ավելին՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ձեռնպահ մնալ։Իհարկե, խորհրդարանական ընդդիմության այս դիրքվորումը չի նշանակում, թե հանրաքվեն կմնա առանց «ՈՉ» կողմի։
«Հանրաքվեի մասին» օրենքն ասում է, որ «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Այդ 50 հոգին հաստատ կգտնվեն, բայց համաձայնեք, որ այդ դեպքում չի կարելի խոսել հանրաքվեի մրցակցային լինելու մասին, անկախ այն բանից նրանք իրավագիտակից քաղաքացի են, թե «անգրագետ Պողոս»։ Ստացվում է, որ «սպիտակներին» այսօր օդ ու ջրի պես պետք են «սեւերը»՝ լինեն նրանք քաղաքական գործիչներ, իրավաբաններ կամ իրավապաշտպաններ, գործընթացը բնականոն հունով տանելու համար։ Գնդակը «սեւերի» դաշտում է։