Ի դեպ. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին
Ի դեպԻ դեպ, նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրեց հրամանագիրը Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Մինչ այդ ու դրանից հետո էլ մասնագիտական շրջանակներում չեն դադարում քննարկումներն այս գործընթացի սահմանադրական կամ հակասահմանադրական լինելու շուրջ։ Հատկանշական է, որ նախագահի աշխատակազմը հարկ համարեց հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով այն մասին, որ «Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք իրավաբաններ, համաձայն չեն այս ձեւակերպման հետ եւ բերում են իրենց համոզմամբ ընթացակարգային ու բովանդակային այն խախտումները, որոնց հիմքով նախագահը կարող էր չստորագրել այդ հրամանագիրը եւ դիմել Սահմանադրական դատարան։Իսկ թե ինչպես կարող են ՍԴ անդամները քննել իրենց իսկ պաշտոնավարմանը վերաբերող հարցը, այս մասին նրանք լռում են։ Ինչեւէ, հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիրն ու ավելին, իրեն սահմանազատել է քաղաքական գործընթացներից, մասնավորապես նշելով, թե հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:
Թվում է, թե գործընթացը թեեւ դժվարությամբ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում, եւ իր տրամաբանական ավարտին կհասնի ապրիլի 5-ին, եթե իհարկե ՍԴ դատավորները մինչ այդ չհայտարարեն իրենց հրաժարականի մասին։Եթե այդպես լինի, ամեն ինչ շատ ավելի հարթ կընթանա, իսկ եթե ոչ, ապա պետք է սպասել բավական բուռն զարգացումների՝ քաղաքական ու իրավական հարթությունների մեջ։ Հանրաքվեի քարոզչության շրջանում ականատեսը կլինենք սեւերի ու սպիտակների պայքարի նոր դրսեւորումների «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն» տրամաբանության շրջանակներում, հանրաքվեն թերեւս կվերածվի իշխանության համար վստահության հանրաքվեի, համախմբումներ կլինեն ՈՉ-ի ճակատում, բայց սա էլ ամբողջը չէ։
Հարցերի մի ամբողջ շարան է առաջանալու քվեարկությունից հետո՝ կապված հանրաքվեի արդյունքների, դրանք բողոքարկելու իրավունքի, որոշ դեպքերում այդ իրավունքի իրացման անհնարինության ու խախտված իրավունքների դատական արդյունավետ պաշտպանության մեխանիզմների բացակայության հետ։Մի խոսքով, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու եւ «թամաշայի» սիրահարների համար տեսարանների պակաս չի լինելու։