Ի դեպ. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական հեռանկարի մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերին ԱԺ-ում տեղի ունեցող ուշագրավ զարգացումները՝ կապված ՍԴ-ի հետ եւ հանրաքվեի մասին բուռն քննարկումները կարծես մի փոքր ստվերեցին քաղաքական դաշտում տեղի ունեցած մի հետաքրքիր իրադարձություն։ Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հայտարարության մասին է։
Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու եւ այդ նպատակով կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Սա իհարկե անսպասելի կամ անակնկալ մի բան չէր։ Հիշեցնեմ, 2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։
Դրան հաջորդեց Վանեցյանի կոշտ հայտարարությունը՝ «Կանգ առ»-ի կոչով, Փաշինյան-Վանեցյան հարաբերությունները, որ մինչ այդ էլ մի առվով չէին հոսում, ավելի սրվեցին, իսկ ֆուտբոլի ֆեդերացիային հրաժեշտ տալուց հետո այլեւս կասկած չկար, որ Վանեցյանը ֆուբոլի նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն խաղալու է քաղաքական դաշտում։ Փաշինյան-Վանեցյան հակադրության առայժմ վերջին ակորդը վարչապետի ընտանիքին պատկանող «ՀԺ» -ում հրապարակված հոդվածն էր։ Ինչեւէ. Դեռ մի փոքր վաղ է, սակայն որոշ դիտարկումներ կարելի է անել, թե ինչպիսի դիրքավորում ու դերակատարություն կարող են ունենալ Վանեցյանն ու իր կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում։ Ի տարբերություն արդեն անցած ժամանակների, Վանեցյանն այլեւս, գոնե Փաշինյանի երդվյալ կողմնակիցների համար, ամենասիրելի կերպարներից չէ եւ հետայսու ուժեղանալու են քննադատությունն ու այսպես կոչված սեւ PR-ի դրսեւորումները ընդդիմադիր գործիչ Վանեցյանի նկատմամբ։
Այդ դրսեւորումները կուժեղանան կամ կթուլանան այնքան, որքան կմեծանա կամ կփոքրանա նրա քաղաքական կշիռը եւ որքանով նա վտանգ կներկայացնի իշխանության համար՝ քաղաքական առումով։ Այստեղ կարեւոր նշանակություն կունենա նախկինների հետ կապված լինել-չլինելու հարցի շուրջ հանրային ընկալումը։ Մյուս կողմից այդ դրսեւորումներին զսպող գործոն կլինի կոնֆիդենցիալ տեղելությունների այն ամբողջ ծավալը, որին տիրապետում է Արթուր Վանեցյանն իր նախկին աշխատանքի բերումով։
Այս ամենը հաշվի առնելով եւ սրացումների հավանականությունը չբացառելով, պիտի ենթադրել, քաղաքական պայքարը կընթանա բարեկրթության սահմաններում։ Վանեցյանի կուսակցությունը, ըստ ամենայնի կունենա ռուսական կողմնորոշում, հյուսիսից կունենա եթե ոչ ակնհայտ աջակցություն, ապա գոնե դրական վերաբերմունք։Արթուր Վանեցյանը գաղափարական առումով ձևավորում է աջ կենտրոնամետ ուժ, սակայն ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը՝ «ըդիկ կարեւոր չէ»։Հայաստանի ընտրողի համար բոլորովին նույնն է՝ աջ կենտրոնամետ, թե ձախ կենտրոնախույզ։