Ի դեպ. ՍԴ- հարցով հանրաքվեի մասին
Ի դեպԻ դեպ, դեռ նախօրեին, երբ խոսում էինք ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումների եւ մասնավորապես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրենքի նոր նախագծի մասին, հռետորական հարց տվեցինք, թե արդյո՞ք այս նախագիծը ԱԺ ներկայացնելով, քաղաքական մեծամասնությունն ամբողջությամբ է բացել իր իր խաղաքարտերը, թե՞ գաղտնի քայլ ունի իր զինանոցում պահած, որ դեռ պիտի բացի։
Պարզվեց՝ հենց այդպես էլ կա։ Այսօր ԱԺ-ի մեկ անգամ հետաձգված, ապա մեկնարկած նիստում պարզվեց, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել եւ ՍԴ նախագահի ու անդամների լրազորությունները դադարեցնել ոչ թե ԱԺ-ում ընդունված օրենքով, այլ հանրաքվեով։
Ըստ այդմ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Ավելի պարզ՝ հանրաքվեով ժողովուրդը իրացնում է իր իշխանությունը, փոփոխություններ է կատարում սահմանդրության մեջ եւ լուծում է ՍԴ-ի թնջուկը։
Մասնագիտական որոշ շրջանակներ սակայն պնդում են, թե թյուր է այն մտայնությունը, թե ժողովրդի իշխանությունն անսահմանափակ է, եւ հղում անելով ժողովրդի ցանկություններին կարելի է ամեն ինչ անել։ Կոնկրետ այս դեպքում, եւ ընդհանրապես, համանման բոլոր դեպքերում, ասում են, եթե խոսում են սահմանադրականության ու իրավունքի պաշտպանության դիրքերից, հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ-ի գնահատականը։ Իշխանությանն էլ պատասխանում է՝ դուք իրավունքի պաշտպաններ չեք, դուք իրավունքի ղասաբներ եք։
Ի դեպ, ուշագրավ զուգատիպությամբ, կամ ճակատագրի դառը հեգնանքով, Հայաստանի ՍԴ-ն այսօր նշում էր հիմնադրման 24 տարին։ Եւ երբ ԱԺ-ում ՍԴ-ի հարցով բուռն քննարկումներ էին ընթանում, ՍԴ-ում ընդունելություն էր՝ նվիրված ՍԴ-ի հիմնադրման 24-րդ տարեդարձին։ ՍԴ նախագահն էլ այս առիթով ուղերձ էր հղել, որտեղ ասվում է, թե «Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում»: Ստացվում է, որ այս մարդկանց ասում են՝ տեսել ենք ձեր ապահովելը, գոհ ենք, շնորհակալ ենք, գնացեք տուն, իսկ այդ մարդիկ պատասխանում են՝ ոչ, մնալու ենք ու շարունակելու ենք ապահովել։
Կատակը կատակ, բայց սահմանադրական այս փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելը անուղղակի կնշանակի նաեւ անցկացնել իշխանության վստահության հանրաքվե։ Իշխանությունը պիտի որ սա հաշվարկած լինի։