Ի դեպ. ՍԴ- շուրջ նոր զարգացումների մասին
Ի դեպԻ դեպ, դատելով ընթացիկ հայտարարություններից ու զարգացումներից, պիտի ենթադրել, ՍԴ-ի խնդրի լուծման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Հիշեցնեմ, ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այսպես ասած «Բլից կրիգի» անհաջողությունից, ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակավորելու օրենսդրական նախաձեռնության ուրվագծվող ֆիասկոյից, այնուհետու ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների ու Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններից հետո, հիմա էլ օրակարգում է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը։
Ըստ այդ հոդվածի՝ « մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»։ Ասել է, թե հենց այս հոդվածն է հնարավորություն տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնավարել մինչեւ թոշակի անցնելու տարիքը։
Հիմա խորհրդարանական մեծամասնության առաջարկով, եթե այն ընդունվի, Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սա նշանակում է դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից։Առաջակվող փոփոխությունն արդեն հասցրել է արժանանալ իրավաբանների, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավաբանների խիստ քննադատությանը։Նրանք մասնավորապես ասում են, որ սա Սահմանադրությունն ու պետականությանը հակադիր փաստաթուղթ է, որ սրանով ընթացք է տրվում իրավական անարխիային եւ այլն։
Մինչ այդ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները վստահ հայտարարում են, թե շուտով ՍԴ-ի հարցը կլուծվի եւ որ փետրվարի 6-ից հետո շատ հետաքրքիր է լինելու, թե ինչ մեկնաբանություններ ու գնահատականներ կլինեն։ Արդյոք խորհրդարանական մեծամասնությունը, հրապարակելով օրենքի այս նախագիծը, ամբողջությամբ է բացել իր բոլոր խաղաքարտերը, թե իր զինանոցում գաղտնի քայլ ունի պահած, կերեւա արդեն վաղը։ Սպասենք ԱԺ-ի արտահերթ նիստին։