Ի դեպ. Խաղաղ պայմաններում բանակում զոհերի մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերի ամենացավալի ու մտահոգիչ լուրը զինվորի մահն էր բանակում եւ այդ դեպքին հաջորդած զարգացումները։ 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքը արձանագրվել էր հունվարի 30-ին։ Սկզբում տարածվեց ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու վարկածը, որին հարազատները չեն հավատում` պնդում են, որ դա սպանություն է։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ 2020թ. հունվարի 30-ին ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի երեք համածառայակիցները։ Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
Հաջորդիվ զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, ցանկանում էին նրա դին տեղափոխել Երեւան։ Ստեղծված իրավիճակին միջամտեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա համոզում էր վերադառնալ գյուղ եւ հուղարկավորել մահացած զինծառայողին: «Հակառակ դեպքում ես չեմ լինի նախարար, իմ հակառակորդի նախարարի աչքերին այլևս չեմ կարողանա նայել», ասաց Դավիթ Տոնոյանը,- «Եթե գնում եք Հրապարակ, գնացեք ու ձեր գործողություններն արեք, եթե չէ, գալիս եմ ձեզ հետ սգո արարողությանը մասնակցելու»։ Այս խոսքերից հետո մահացած զինվորի հարազատները որոշեցին վերադառնալ:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատ ու իրավացիորեն խոսում ենք բանակում տեղի ունեցող հսկայածավալ դրական փոփոխությունների մասին՝ սպառազինությունից մինչեւ սահմանի մշտադիտարկման սարքեր, զինվորի սնունդից մինչեւ հագուստ ու ներքնաշոր։Սակայն ամենակարեւոր խնդիրը՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, շարունակում են մնալ խիստ մտահոգիչ։ Մի բան է, երբ զինվորը զոհվում է ռազմական գործողությունների ժամանակ, թշնամու կրակոցից, հայրենիքի սահմանը պաշտպանելիս, բոլորովին այլ բան է, երբ մահը վրա է հասնում խաղաղ պայմաններում, ոչ կանոնադրական հարաբերությունների, այսպես ասած «իրար մեջ հաշիվ մաքրելու» հետեւանքով, երբեմն մեզ հայտնի ենթամշակույթի միջավայրում։ Հեռու ենք այն մտքից, որ հարցը հնարավոր է լուծել մեկ հարվածով ու միանգամից, սակայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ լուրջ մտորումների , անհրաժեշտ մոտեցումների ու քայլերի կարիք ունենք՝ դպրոցից մինչեւ մինչեւ բանակ: