Ի դեպ. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին բավական ուշագրավ լուրեր ստացվեցին Ստրասբուրգից, որտեղ ընթանում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Նստաշրջանի ընթացքում գրեթե ամեն օր ուրախալի լուրեր էինք ստանում՝ մեր պատվիրակության անդամները ընտրվում էին տարբեր հանձնաժողովներում ենթահանձնաժողովների նախագահներ ու փոխնախագահներ։ Էդմոն Մարուքյանը ընտրվեց Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վլադիմիր Վարդանյանը Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ եւ նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբերից մեկի՝ ALDE-ի փոխնախագահ, Սոս Ավետիսյանն էլ ԵԽԽՎ Մեդիայի եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ։ Սրանք իհարկե դրական, ոգեւորող հաջողություններ են, որ մեր երկրի իմիջի եւ մեր պատվիրակության անդամների ակտիվության արդյունք են։
Պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե նշենք, որ այս նստաշրջանում ընդունվեց «Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ» զեկույցը, եւ ինչքան էլ ադրբեջանցիները փորձեցին փափանել այն ու ամեն ինչ շրջել մեր կողմը, դա նրանց չհաջողվեց։ Միակ բանը որ հաջողվեց ադրբեջանցիներին, դա մեր պատվիրակների ելույթներից մի լավ սրտնեղելն էր։ Ինչեւէ, թվում էր, թե այս բարձր տրամադրությամբ էլ մեր պատվիրակությունը կավարտվեր վեհաժողովի նստաշրջանը, սակայն աշխատանքի վերջին օրվա հայտարարությունը, ինչպես ասում են պայթեց համացանցում։ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները հայտարարություն տարածեցին Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նրանք մի կողմից հայտարարում մեն, թե մինչ օրս կառավարությունը և խորհրդարանը հարգել են իրավական գործընթացները՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը, մյուս կողմից, որ քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Եւ ինչպես լինում է նման դեպքերում, Ստրասբուրգից հնչած հայտարարությունը ոգեւորեց եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Իշխանությունը համարեց հաջողություն ու ողջունեց, ընդդիմությունը համարեց ապտակ ու դեղին քարտ իշխանություններին։ Մեկ բան ակնհայտ է՝ ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչապետի գրասենյակի ու Սահմանադրական դատարանի միջև բարձր լարվածությունը եւ կոչ է անում կողմերին թուլացնել այն: