Ի դեպ. Դարձյալ ՍԴ թնջուկի ու օրենսդրական նոր նախաձեռնության մասին
Ի դեպԻ դեպ, ինչքան մոտենում է փետրվարի 27-ը, այնքան ավելի ու ավելի համոզիչ է դառնում այն, որ ՍԴ դատավորներին այսպես կոչված վաղաժամ թոշակավորելու օրենքը չի աշխատելու եւ հետագա տարիների սոցիալական ապահովության հեռանկարը չի մղելու նրանց թողնել աշխատանքն ու հեռանալ։ Թվում էր, թե ՍԴ-ի, արդեն տեւական ժամանակ չարչրկված հարցը լուծում կստանար Սահմանադրական փոփոխությունների ժամանակ,իսկ այդ փոփոխությունների մեկնարկը կարծես տրված է, արդեն ձեւավորվում է մասնագիտական հանձնաժողովը։
Բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունն այն մասին, թե ՍԴ-ի հարցը կլուծվի առաջիկայում, հասկացնել էր տալիս, որ իշխանությունը բնավ էլ մտադիր չէ հարցի լուծումը ձգել մինչեւ Սահմանադրական փոփոխություններ եւ ինչ որ արագընթաց լուծման տարբերակ է մտմտում։ Եւ ահա, նախօրեին հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվել մի նախաձեռնություն, օրենսդրական մի փաթեթ, որով Սահմանադրության փոփոխությունների համատեքստում սահմանափակվում են Հանրապետության Նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Մասնավորապես առաջարկվում է մինչեւ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր։
Նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով։ Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ այլն։ Այս նախաձեռնության մասին արդեն հնչել են առաջին արձագանքները մասնագիտական շրջանակներից, որոնք մեղմ ասած, խիստ բացասական են։
Մասնավորապես ասվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների համատեքստում Հանրապետության Նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակման հետ, հիմնազուրկ է։ Ավելին, սրանով ոչ մասնագիտական, այլ քաղաքական մարմնին՝ ԱԺ-ին փաստացի հնարավորություն է տրվում իրացնելու ցանկացած սահմանադրական փոփոխություն, որոշ բացառություններով, առանց մասնագիտացված մարմնի՝ Սահմանադրական դատարանի վերահսկողության։ Սրանք դեռ Հայաստանի մասնագիտական շրջանակներից ստացված առաջին արձագանքներն են, իսկ թե ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը, դժվար չէ կռահել։
Ուր է շտապում իշխանությունը եւ ինչու։ Կամ, արդյոք այդքան դժվար է գտնել քաղաքական հասկանալի խնդրի իրավական փաթեթավորման անվրեպ ճանապարհը։ Իշխանությունը, հավանաբար, լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու խնդիր ունի։