Ի դեպ, Փաշինյանի ասուլիսի, Թովմասյանի գրիչի ու ՍԴ ճակատագրի մասին
Ի դեպԻ դեպ, ինչքան էլ տարօրինակ էր, վարչապետի կապանյան ասուլիսից հետո հանրային լայն հնչեղություն ստացավ ոչ միայն ու ոչ այնքան նրա հրապարակած 100 փաստը, այլ չարաբաստիկ գրիչի պատմությունը, որ տարբեր նվագներով ու վարիացիաներով շարունակվում է մինչ օրս։ Ասուլիսի ընթացքում թվում էր, թե շատ-շատ՝ ընդդիմադիր տնտեսագետները համաձայն չեն լինի հրապարակված թվային մի քանի ցուցանիշների հետ, հումորասեր հանրությունն էլ կսեվեռվի բողկի արտադրության թեմայի վրա, սակայն վրա հասավ չարաբաստիկ գրիչը։
Սա էլ հասկանալի է՝ վարչապետի գրառումը, թե Երեւան հասնելուն պես կհրապարակի Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստն այն մասին, որ նա քծնել ու իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, հանրային մեծ սպասումներ էին առաջացրել, որ դարակազմիկ բացահայտումներ են լինելու։ Պարզվեց, խոսքը մի գրիչի մասին է՝ միայն եւ ընդամենը։ Պատմությունը գլորվեց ձնագնդի պես, շարունակվեց «քծնանք, թե քաղաքավարություն» դիլեմայի շուրջ, հետո այսպես ասած «խնջույքի սեղանին» մոտեցան այս կամ այն տարբերակը ապացուցել փորձող «մարտիկները», այդ ընթացքում ոտնակոխ եղավ ԱԱԾ նախկին տնօրեի ու ԱԺ ներկա փոխխոսնակի ընկերությունը։ Իրականում գրչի պատմությունը գալիս հանգում է ՍԴ-ի չլուծված կնճռին։ Ինչ է ասում իշխանությունը։ Ասում է, որ Թովմասյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հետ, որ օտարերկրյա այցեր է ունեցել անհայտ նպատակներով, ընկերոջն է զանգահարել իշխանությանը ծառայելու պատրաստակամությամբ, եւ որ ամենակարեւորն է՝ նա կեղծիքներով է ընտրվել ՍԴ նախագահ, եւ ուրեմն՝ նման մարդը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Ի՞նչ է ասում Հրայր Թովմասյանը։
Ասում է, որ իրեն ուժ է տալիս ոչ այլ ինչ, քան «Ուժեղ պետություն, անկախ դատական համակարգ և արժանապատվություն ունենալու համախումբը»։ «Իրենց ո՞վ է հարցնում՝ ուզում են աշխատել ինձ հետ, թե ոչ. որքան վարչապետը կարող է ուզել կամ չուզել, նույնքան էլ ես կարող եմ ուզել կամ չուզել»,-ասում է Հրայր Թովմասյանը։ Ակնհայտ է, եւ այս մասին մեկ անգամ չէ, որ ասվել է, որ ստեղծված իրավիճակում երկու կողմերից ոչ մեկը կոմպրամիսի չի գնալու, իսկ խնդիրը հանգուցալուծում է պահանջում։ Ի դեպ, նախօրեին, «Եռաբլուր» պանթեոնում Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե ՍԴ խնդիրը առաջիկայում կլուծվի։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը, խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ է մտմտում իշխանությունը, այս պահին դժվար է ասել։
Դատավորների վաղաժամ թոշակավորելու տարբերակը կարծես թե չի աշխատում։ Եթե խնդրի լուծումը գտնվելու է Սահմանադրական փոփոխություններով, Սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորման ճանապարհով, ապա դա այնքան էլ «առաջիկա» չէ։ Ուրի՞շ տարբերակ։ Գուցե նկատի է առնվում Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գո՞րծը։ Այլ տարբերակ, կարծես թե չկա։ Սպասենք, տեսնենք։