Ի դեպ. «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցների մասին
Ի դեպԻ դեպ, մինչ հասարակությունն այսօր հետեւեւմ էր ԱԺ-ում ընթացող քաղաքական «կրակոցներին» ու հանդարտության կոչերին, լրահոսում պայթեց տեղեկությունն իրական կրակոցների մասին. Կրակոցներ Երեւանի կենտրոնում։ Անհայտ անձը անկանոն կրակոցներ է արձակել «Էրեբունի Պլազայում»։ Ոստիկանությունն ահազանգը ստացել էր ժամը 14.40-ին, անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբեր, հատուկ ջոկատայինները, շտապօգնության մեքենան։ Դեպքի վայրում էին ԱԱԾ եւ Ոստիկանության պետի պաշտոնակատարները։ Այնուհետեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը տեղեկացրեց, որ զինված անձի հետ անձամբ բանակցել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Պատանդ վերցված քաղաքացիներ չկան, իրավիճակը վերահսկելի է: Քիչ ավելի ուշ հայտարարվեց, որ կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է, նա զենքը հանձնել է ոստիկանությանը, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ եւ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Ավելի ուշ, երբ կպարզվեն դեպքի հանգամանքները, ոստիկանությունն իհարկե հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով։ Իսկ մինչ այդ, ենթադրվում էր, է, որ այս դեպքը դառնալու է քաղաքական մտահոգությունների ու շահարկումների առարկա։ Հատկապես, որ «Էրեբունի Պլազայում» է գտնվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը եւ նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, նկատենք, զերծ մնաց հապճեպ ենթադրություններից ու շահարկումներից։ Նա ասաց, թե հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ միայն, երբ կլինի իրադարձությունների նկարագիրը և այդտեղից կկարողանա պարզել, թե որքանով է այս իրադարձութունն առնչվում իրենց գրասենյակին։ Ինչեւէ. Անկախ անկեղծ մտահոգություններից ու քաղաքական դիվիդենտներ շահելուն ուղղված շահարկումներից, սա լրջագույն խնդիր է Հայաստանի իրավապահ համակարգի համար։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում կան մարդիկ, կամ խմբեր, որոնց ձեռնտու է իրավիճակի լարումը, վախի մթնոլորտը, կրակոցները, բերանս չի պտտվում ասել՝ արյունն ու մահը։ Փառք Աստծո, այս անգամ ամեն ինչ անցավ առանց լուրջ հետեւանքների, բայց հետեւություններն անելն անհրաժեշտություն է։ Ավարտենք թերեւս վարչապետի գրառման մեջբերումով. «Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է:
Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»: