Ի դեպ. Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու խորհրդարանական քաղաքական մշակույթի մասին
ADTVԻ դեպ, այսօր մթնոլորտը շատ թեժ էր ԱԺ-ում։ ՀՀ ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում էր քրեական ենթամշակույթ կրող խմբերի և անձանց վերաբերյալ օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Եվ այս հարցով, ինչպես շատ դիպուկ նկատեց լրագրողներից մեկը՝ վերջապես ԱԺ-ում սկսվեցին բովանդակային քննարկումներ՝ տեղը տեղին հրմշտոցներով, քաշքշոցներով, հայհոյախառն արտահայտություններով։
Բանը հասավ կարգապահական միջոց կիրառելուն, ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ։ Ընդհանրապես, ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել այս նախագծին։ Միշտ ասել են, որ իրենք դեմ են հանցավորությանը, գտնում են, որ որոշ հանցանքների համար նույնիսկ պետք է խսստացնել սահմանված պատիժները, սակայն մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, ոչ թե ինչ որ մշակույթ կամ ենթամշակույթ կրելու։ Այսօր էլ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը նույն տրամաբանության շրջանակներում էր. «Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ պատգամավորը ՝ ապա դիմեց արդարադատության նախարարին. «Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։
Գեւորգ Պետրոսյանի ելույթը զայրացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Նա պահանջեց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «խայտառակ պահվածքի համար»։ Երբ նա ավարտեց ելույթն ու նստեց իր տեղում, ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, գնացին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ «հաշիվ պահանջելու»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ էր անում պատգամավորներին զբաղեցնել տեղերը, սակայն այդ կոչը մնաց անարձագանք։Մի խոսքով՝ իսկական բովանդակային քննարկումներ՝ սեմինար պարապմունքով ու գործնական աշխատանքով, միաժամանակ։Իրականում խնդիրը արժեհամակարգային է ու եթե կուզեք՝ քաղաքակրթական։Ենթամշակույթը, որն այսքան մեծ կրքեր է բորբոքում, նոր չի ձեւավորվել, այն ստեղծվել ու ձեւավորվել է դեռ խորհրդային ժամանակներում, բարեհաջող գոյակցել է իշխանությունների հետ, այսպես ասած փոխօգնության ու փոխադարձ օգտակարության տրամաբանության մեջ։Ու դրա դեմ պայքարը շատ բարդ է լինելու։ Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա այն ներկայացուցչական մարմին է եւ այնտեղ ներկայացված ենք մենք բոլորս, մեր արժեհամակարգով ու ընտրությամբ՝ համամասնորեն։