Ի դեպ. Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիաների մասին
Ի դեպԻ դեպ, արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում անասնաբույծներն ու մսավաճառները։ Այսօր առավոտից նրանք նորից կառավարության շենքի մոտ էին։ Դժգոհության պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի պետք է պարտադիր դառնա անասունների սպանդանոցային մորթը։ Ինչ է ասում կառավարությունը եւ ինչից են դժգոհ ցուցարարները։ Կառավարությունն ասում է, որ մեր քաղաքացիներն արժանի են օգտագործելու անվտանգ սննդամթերք, իսկ դրա համար վաղուց արդեն ժամանակն է հրաժարվել անասունների բակային մորթից, անցնել սպանդանոցային մորթի, կիրառել դրանց գործունեության ու վերահսկողության միջազգային փորձը, կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոնները, միսն ու ենթամթերքը իրացման վայր հասցնելու ընթացակարգը եւ այլն։
Միայն թե կառավարությանը կարծես չի հաջողվում այս գործընթացը սահուն ու անցնցում անցկացնել։ Անասնաբույծներն ու մսավաճառները կառավարությունից պահանջում են գոնե առժամանակ չեղարկել այդ պարտադրանքը՝ մի քանի պատճառներով։ Նախ այն, որ սպանդանոցների քանակը ոչ միայն բավարար չէ, այլեւ խիստ անհավասարաչափ է բաշխված։ Իսկ կառավարության պնդումներին, թե այս պահին գործող ավելի քան երկու տասնյակ սպանդանոցների թիվը առաջիկա մեկ-երկու ամսում կավելանա եւս երկու տասնյակով, հակադարձում են՝ դե թող ավելանար, նոր պարտադրեիք, ինչո՞ւ եք շտապում։Ինչո՞ւ եք շտապում ու ժամանակից շուտ անհարմարություններ պարտադրում գյուղացուն։ Դժգոհության հաջորդ պատճառն այն է, որ նոր կարգը նոր ծախսեր է ենթադրում գյուղացու համար՝տրանսպորտային եւ հենց մորթի համար անհրաժեշտ ծախսեր։ Ասում են՝ ինչո՞ւ գումար վճարենք իրենց սեփական անասունը մորթելու համար, եթե հիմա անվճար են մորթում:
Հավելյալ ծախսը բերելու է մսի գնի ավելացման։ Այստեղ էլ հակադարձումն այն է, թե այդ ծախսերն այնքան չնչին են, որ չեն կարող անդրադառնալ մսի գնի վրա։ Ինչեւէ, գործ ունենք կառավարության մի որոշման հետ, որի հետեւանքները կամ գոնե առաջնային ռեակցիան հաշվարկված չէին։ Գուցե թե մինչև սպանդանոցային մորթի պարտադրանքին անցնելը պետք էր հանդիպումներ կազմակերպել համայնքներում, զրուցել մարդկանց հետ, կարծիքներ ու առաջարկներ լսել։ Նախորդ իշխանության ժամանակ, երբ որեւէ բարեփոխում հանրային դժգոհություն էր առաջացնում, մարդիկ կեսկատակ ասում էին՝ իսկ կարելի՞ է չբարեփոխեք, թողնեք մենք մեր մահով մահանանք։Հիմա էլ ասում են՝ իսկ կարելի է մեզ էլ լսեք ու նախորդներին հանկարծ չնմանվեք։ Ի դեպ, անասնաբույծներն ու մսավաճառները վաղը մտադիր են փակել միջպետական ճանապարհները։Սպասենք հետագա զարգացումներին։