Ի դեպ. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին
Ի դեպԻ դեպ, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, շոկային լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Գեորգի Կուտոյանը համարվում էր նախկին իշխանության լավագույն կադրերից մեկը, նախագահի օգնականի կարգավիճակում համակարգում էր ուժային կառույցների աշխատանքը, ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2016թ-ին, պաշտոնավարել մինչև 2018 թ. մայիսի 10-ը, պաշտոնից հեռացել թավշյա հեղափոխությունից հետո։ Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Առայժմ այլ մանրամասներ չկան։ Ոչ պաշտոնական որոշ մանրամասներ շրջանառվեցին մամուլում։ Ըստ այդմ, դեպքից հետո, երբ իրավապահ մարմինները մտել են նրա բնակարան զննություն կատարելու, դիակի կողքին հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակված է եղել բերանին, ենթադրաբար՝ հենց այդ զենքից։ Սա նշանակում է, որ հավանաբար պետք է բացառել սպանության վարկածը, Կուտոյանը, ենթադրաբար, ալկոհոլն օգտագործելուց հետո սեփական զենքով ինքնասպանություն է գործել: Համանման պատկեր էր անցած տարի սեպտեմբերի 23-ին Բջնիում, երբ իր տանը գտնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դիակը։ Բայց եթե Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ պետք է ցուցմունք տար, ապա Կուտոյանը դատավարական որևէ կարգավիճակ չուներ եւ Հատուկ քննչական ծառայությունում չէր հարցաքննվել։
Հեղափոխությունից հետո Կուտոյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով։ Սակայն վերջերս նրան հետ են կանչել Հայաստան` ինչ որ անհրաժեշտությունից ելնելով։ Թե ով և ինչ նպատակով էր Կուտոյանին Հայաստան վերադառնալու պահանջ ներկայացրել, դեռևս ճշտվում է։ Կուտոյանը պատահական մարդ չէր, հենց իր նախկին պաշտոնի բերումով անասելի մեծ ծավալի ու կարեւորության ինֆորմացիայի կրող էր։ Ինֆորմացիա, որ շատ մարդկանց գլուխ կարող էր ցավացնել։ Եվ բնական է, որ այս ողբերգական դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ո՞րոնք են դրդապատճառները, որ Գեորգի Կուտոյանին մղել են նման քայլի։ Ուր են տանում հետքերը: Ի՞նչ հետքեր են վերացվում, ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով: Ի վերջո ՝ ո՞ւմ էր սա ձեռնտու։ ՀՀ իրավապահ մարմիները պարտավոր են անել ամեն ինչ, բացահայտելու այս գործի հանգամանքները: Պահանջվում է գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն