Ի դեպ Ռուսաստանում նախանշված փոփոխությունների մասին
Ի դեպԻ դեպ, ՌԴ-ում փոփոխությունները մեկնարկեցին ավելի վաղ ու ընթանում են ավելի արագ, քան կարելի էր ենթադրել։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նախ հանդես եկավ Պետդումային ուղղված ամենամյա ուղերձով, որից հետո հայտարարվեց վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին։ Ուղերձը Ռուսաստանում նախատեսվող խորքային փոփոխությունների մասին էր, այդ թվում Սահմանադրական փոփոխությունների, կառավարության ու վարչապետի հրաժարականը ներկայացվեց որպես անհրաժեշտություն,որպեսզի նախագահը հնարավորություն ունենա կյանքի կոչել իր մտահղացումները։ Նոր վարչապետի անունն էլ արդեն հայտնի է՝ Միխայլ Միշուստին՝ նախկին գլխավոր հարկահավաքը, ասում են կիսով չափ հայ։Սա ի դեպ, կամ ի միջիայլոց։ Այսպիսով Վլադիմիր Պուտինը ուրվագծում է իշխանության նոր դասավորությունը, որը պետք է ձեւավորվի ու հաստատվի Ռուսաստանում 2024-ից հետո։
Իսկ ինչ փոփոխություններ են սպասվում Ռուսաստանում։Դրանցից մեկն առնչվում է Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքին։ Միջազգային օրենսդրությունը, որոշումներն կոնվենցիաները Ռուսաստանում կգործեն միայն այն դեպքում, եթե չեն հակասի ՌԴ Սահմանադրությանն ու չեն սահմանափակի ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները։ Փոփոխություններից հետո Պետդուման պետք է հաստատի վարպապետի, իսկ դրանից հետո՝ նրա առաջարկով կառավարության անդամների թեկնածությունները։ Իսկ նախագահը պարզապես ստորագրելու է նրանց նշանակման հրամանները։ Նախագահին վերապահվում է ուժային կառույցների ղեկավարների նշանակումն ու ղեկավարումը։
Եւ իհարկե՝ օրակարգում է նաեւ սահմանադրության այն կետը, որը սահմանում է ավելի քան երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու հնարավորությունը։ Փոփոխությունների ցանկը շատ երկար է, այդ թվում ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնում, սոցիալական ոլորտի մի քանի բարելավումներ, որոնք առնչվում են նվազագույն աշխատավարձին, թոշակներին, երեխայի ծննդից հետո տրվող մայրական կապիտալին եւ այլն։ Ռուսաստանում սպասվող տեղեկությունն այնքան անսպասելի էր, որ առաջին պահին դժվար էր հասկանալ՝ Պուտինի ուղերձը Ռուսաստանում նախագահի փոփոխության մեկնարկի՞ մասին էր, թե՞ Պուտինի իշխանության երկարաձգման։ Ամենայն հավանականությամբ՝ երկուսն էլ։
Ոչինչ չի խանգարում Վլադիմիր Պուտինին ունենալ իրական իշխանություն, նույնիսկ առանց նախագահական աթոռի։ Սրա փորձը հետխորհրդային տարածքում կա։ Ինչեւէ, ՌԴ նախագահը կարծես նախաձեռնում է թավշյա, ոչ բռնի հեղափոխություն՝ ռուսական ձեւով։ Սպասենք շարունակությանը։