Ի դեպ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ու արձագանքների մասին
ADTVԻ դեպ, այսօր Հայաստանի քննչական կոմիտեւոմ հարցաքննվել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացանք վարչապետի ֆեյսբուքյան էջից։ Նա գրել էր, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հետգրությամբ էլ կատակել էր, թե քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են: Իսկ համացանցում մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն եւ ոչ այնքան այս գրառումը, որքան կից զետեղված վարչապետի «սելֆին»՝ քննիչի հետ։ Ու սկսվեց գրառումների հեղեղը։ Մի մասը հիացական, «վարչապետ ջան, դուխով,հալալ ա քեզ» տրամաբանության ու տրամադրության շրջանակներում, մյուս մասը՝ խիստ քննադատական, թե բա սա էլ ինքնագովազդի նոր ձեւ է։
Բայց արձագանքներն այս տիրությում չմնացին, բուռն անդրադարձ եղավ նաեւ «առաջին անգամի» հարցին։ Արդյոք Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամն էր, որ երկրի գործող ղեկավարը ներկայանում է իրավապահ մարմիններին՝ հարցաքննության կամ ցուցմունք տալու։ Լրագրողները նախ հիշեցին, որ հենց ինքը, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ 2019թ ապրիլի 3-ին ներկայացել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ ցուցմունք տվել 2017թ-ի մարտի 31-ին՝ խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Ելք» դաշինքի անդամների և «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով։
Բայց սա էլ դեռ վերջը չէր։ ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ստիպված է հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով: Եթե այդպես է, ապա առաջին անգամ հարցաքննվելու փաստը «ջրվում է», մնում է «սելֆիի» հարցը։ Սա էլ մի առանձին քննարկման առարկա դարձավ։
Մարդիկ, այդ թվում իրավաբաններ, արձանագրեցին, որ հարցաքննության ներկայանալիս հարցաքննվողի հեռախոսը կամ վերցնում են, կամ անջատում, մինչդեռ վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան «սելֆի» անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Քննիչներն էլ չեն թույլատրելու հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։ Տեսնես հեռու՞ է այն օրը, երբ Հայաստանում երկրի ղեկավարի հարցաքննվելն այսքան արտառոց բան չի համարվի, մենք այդ մասին կիմանանք պաշտոնական հաղորդագրության միջոցով, ու կընդունենք շատ նորմալ ու բնական։