Ի դեպ. Մի շարք բնակավայրերում ծննդատների փակման մասին
Ի դեպԻ դեպ, այս օրերի ամենատաք թեմաներից մեկն առնչվում է առողջապահության ոլորտին։ Բանն այն է, որ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում, ըստ այդմ, կառավարությունը որոշել է չֆինանսավորել տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները, դրանք ենթակա են փակման։ Փակվողների շարքում են Մարալիկի, Եղվարդի, Աչաջուր համայնքի ու էլի մի քանի ծննդատներ։ Հասկանալի է, որ սա պիտի դժգոհության մեծ ալիք բարձրացներ այդ համայնքներում՝ աշխատակիցների ու բնակիչների շրջանում։
Աշխատակիցները դժգոհ են, որ հնարավոր է՝ մնան առանց աշխատանք, բնակիչները՝ որ հարկադրված են լինելու հասնել մոտակա բնակավայրի ծննդատուն։ Այս դժգոհություններին գումարվում է նաեւ մասնագիտական որոշ շրջանակների հակադարձումները, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող օպտիմալացման գործընթացը գրագետ չի կատարվում, որ հստակ հաշվարկներ ու հիմնավորումներ չկան, որ ծննդօգնության կենտրոնացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ ընդհանրապես, կիսապատերազմական երկրում ծննդատները ոչ թե պետք է փակել, այլ զարգացնել ու հզորացնել։ Առողջապահության նախարարն իհարկե իր հիմնավորումներն ունի։ Առողջապահությունը մարդու կյանքի հետ կապ ունեցող ոլորտ է, որտեղ ծավալներն ուղիղ կապ ունեն որակի հետ:
Նրա խոսքով` փակվող բուժհաստատություններում չկան հատուկ մասնագետներ և անհրաժեշտ սարքավորումներ: Բացի այդ, առողջապահությունը, լինելով սպեցիֆիկ ոլորտ, կարիք ունի կենտրոնացման, և եթե մենք ծառայությունը աշխարհագրորեն հասանելի ենք դարձնում, ապա մի քանի կիլոմետր, նույնիսկ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունը հաղթահարելը ավելի հեշտ է լինում հաճախ, քան՝ տեղում որակյալ ծառայություն մատուցելը: Ի դեպ, այսօր հրավիրված ասուլիսում նա հատուկ պատրաստված քարտեզներով մեկ առ մեկ ներկայացրեց փակվող ծննդատների ու մոտակա համայնքների հեռավորությունն ու այդ ճանապարհն անցնելու համար անհրաժտ ժամանակը։
Իսկ արդյոք հնարավոր չէ փակելու փոխարեն այդ հաստատությունները համալրվեին անհրաժեշտ սարքավորումներով և աշխատեին համապատասխան մասնագետները, Թորոսյանը պատասխանել է, որ այդ հարցերով զբաղվում են մարզպետները։ ԻՆչեւէ, Արսեն Թորոսյանը վստահ է իր նախաձեռնության ճշմարտացիության մեջ, իսկ մարզպետներն էլ, նրանցից առնվազն երկուսը, արդեն հայտարարել են, որ իրենց մարզերում գործող ծննդատները չեն փակվելու։ Ստացվում է, որ հակասություններ են առաջանում ոլորտային քաղաքականությունը մշակողի, տվյալ դեպքում առողջապահության նախարարության, եւ այդ քաղաքականությունը տեղերում իրականացնող տարածքային կառավարման մարմնի մոտեցումների միջեւ։Ի՞նչ հանգուցալուծում կունենա այս թնջուկը, հավանաբար կերեւա կառավարության առաջիկա նիստին։