Ի դեպ. Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի մասին
Ի դեպԻ դեպ, անցած կիրակի համացանցում մեծ հետաքրքրություն էր առաջացրել Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճը։ Վարչապետն այդ բանավեճին անձամբ չէր մասնակցում, նրա փոխարեն ներգրավվել էր ավագ դուստրը։ Բանավեճի առիթը վարչապետի ընտանիքին պատկանող «ՀԺ» թերթի մի հրապարակումն էր, որ կարելի է գնահատել որպես սկանդալային։
Ըստ այդմ, «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ մի քանի լրատվամիջոցների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ և դստեր դեմ իրականացվող քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրենի կողմից, իր թիմակիցների միջոցով: Ծրագրված է եղել վարչապետին ու իր ընտանիքի անդամներին վարկաբեկող լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց:Սրան հետեւեց վարչապետի դստեր գրառումն այն մասին, որ բավական կարճ ժամանակում հասցրել էին ընկերանալ ու հարևանություն անել Վանեցյանների հետ, իսկ հիմա ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել:
Արթուր Վանեցյանն անմիջապես հերքեց իրեն վերագրվող մեղքերը, հայտարարեց, որ այդ հրապարակման մեջ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:ՄԻ խնդրանք էլ վարչապետի դստերը՝ «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»։
«Մարիամ ջանը» չլսեց այս խնդրանքն ու հաջորդ գրառումն արեց, «Արթուր ջանին» կոչ անելով խոսել ու բացատրել ինչու՞ է ստեր տարածում իր ընտանիքի մասին։ Ահա այսպես ջան ասելով ու ջան լսելով զարգացավ այս հեռակա բանավեճը, որ ահագին ուրախ կլիներ, եթե այսքան մտահոգիչ չլիներ։ Խոսքն ի վերջո երկրի թիվ մեկ դեմքի եւ ԱԱԾ նախկին ղեկավարի մասին է։ Կար ժամանակ, երբ այս երկու ֆիգուրանտների հայտնվելը հանրության մեջ միայն ժպիտ, վստահություն ու ծափահարություններ էր առաջացնում, իսկ հիմա հայտնվել են բարիկադների հակառակ կողմերում՝ յուրաքանչյուրն իր ճշմարտության դիրքերից։
Պարզ է, որ նրանց ճանապարհները բաժանվել են եւ ակնհայտ էր նաեւ, որ պաշտոնաթողությունից հետո Արթուր Վանեցյանը ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական պայքարի մեջ, սակայն իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան կարելի էր ենթադրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակման հետ կապված զարգացումներին, ապա պիտի ենթադրել, որ այն շարունակություն կունենա իրավական դաշտում։
Մի կողմից «ՀԺ»-ն հազիվ թե նման հրապարակմամբ հանդես գար եթե փաստեր չունենար, մյուս կողմից Արթուր Վանեցյանն է հայտարարում է, թե դա անպատասխան չի մնալու, եւ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները: Սպասենք հետագա զարգացումներին։