Ի դեպ. Նոր պաշտոնանկությունների եւ վարչապետի կադրային բազայի մասին
ADTVԻ դեպ, Նոր տարին Հայաստանում մեկնարկեց նոր պաշտոնանկություններով: Նախօրեին հայտարարվեց վարչապետի խոսնակի պաշտոնանկության մասին, այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ջրային կոմիտեի ղեկավարը։ Առաջինի դեպքում տարբեր վարկածներ են շրջանառվում՝ աշխատանքայինից մինչեւ ներիշխանական, երկրորդ դեպքում՝ պարզապես ազատվել է վարչապետի որոշմամբ։ Հիմա շատերին հետաքրքրում է, թե ով է լինելու հաջորդը։ Իրականում խնդիրը պետք է դիտարկել ոչ թե հաջորդ պաշտոնազրկումի, այլ ավելի լայն կտրվածքով։ Խոսքը վարչապետի կադրային քաղաքականության ու կադրային բազայի մասին է։
Իհարկե, հանուն ճշմարտության պետք է նկատել, որ ԱԺ-ում, կառավարությունում, ոլորտային տարբեր կառույցներում կան գրագետ, բանիմաց, փորձառու, կամ փորձառության պակասը լրացնող կադրեր, սակայն մեծ հաշվով նրանք շատ չեն եւ որակ չեն ստեղծում։ Ֆուտբոլային լեզվով ասած՝ վարչապետի թիմի ոչ հիմնական կազմն է հարուստ պրոֆեսիոնալ խաղացողներով, ոչ էլ պահեստայինների նստարանն է երկար։ Հիշեցի վարչապետի մի նախադասությունը, որ ասաց՝ «Մեկ-մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»:
Սա իհարկե օբյեկտիվ պատճառներ էլ ունի։ Պրոֆեսիոնալ, բայց շատ հաճախ կոռումպացված կադրերը նախկին համակարգում էին,որոնցից նոր իշխանությունը հրաժարվել է, նորերը ինչքան որ չկոռումպացված, այնքան էլ անփորձ են։ Եւ ընդահնրապես, Հայաստանում հավանաբար չի գտնվի քաղաքական մի ուժ, որ սեփական պրոֆեսիոնալ ու կոռուպցիոն հակումներ չունեցող կադրերով կարողանա ծածկել ամբողջ պետական կառավարման համակարգը։
Դարձյալ մեջբերելով վարչապետին՝ «եթե այս պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ ու ասենք՝ նորն ենք ստեղծում, բոլոր հաստիքները թափուր լինեն, համապատասխան մասնագետներ չեն գտնվի»։ Մի անգամ կարծեմ թե առիթ եղել է նկատելու, որ այս գնահատականը ինչքան էլ ճշմարտանման է հնչում, չափազանցված է ահագին։ Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո, որոշ ժամանակ, գուցե արդարացված էր թիմը հեղափոխական- «քայլ արածներով» ձեւավորելը, եւ կամ օբյեկտիվ էր կարճ ժամանակում կատարված սելեկցիայի ոչ լավ արդյունքը, սակայն ժամանակն իր պահանջներն է թելադրում։
Թե չէ՝ ինչի՞ նման է, որ, օրինակ, իրավաբանների թիմը չի կարողանում կատարել որեւէ քաղաքական նպատակադրման իրավական փաթեթավորումը, իսկ քարոզչական դաշտում մեն մի վարչապետ ավելի շատ գործ է անում, քան տեղեկատվական ու քարոզչական թիմերն իրենց ամբողջ աշխատակազմերով։ Կադրային հարցում արմատական, հեղափոխական փոփոխություններ են պետք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վարչապետին, անձամբ իրեն ձայն է տվել և իր քաղաքական ուժին ձայն է տվել, որ երկրում փոփոխություն տեղի ունենա։