Ի դեպ. Իրանա-ամերիկյան հակամարտության մասին
ADTVԻ դեպ, 2020-ի մեկնարկը տարածաշրջանում նման էր ռազմաքաղաքական երկրաշարժի՝ կորուստներ, վնասներ, լարված ու անհանգիստ իրավիճակ՝ տագնապներով լի։ ԱՄՆ նախագահի ռազմաքաղաքական մտադրությունները վերածվեցին կոնկրետ գործողությունների, սպանվեց իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանին, ինչին, ինչպես եւ կանխատեսելի էր, հաջորդեց Իրանի պատասխանը։ Այս գիշեր Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում տեղակայված ԱՄՆ մի քանի ռազմական օբյեկտների։ Բալիստիկ հրթիռներով առաջին հարվածը եղել է Իրաքի արեւմուտքում տեղեկայված ամերիկյան ռազմաբազային։
Քիչ անց հայտարարվել է հրթիռակոծության երկրորդ փուլի մեկնարկի մասին, եւ ուժգին հրթիռային հարվածներ է հասցվել Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող էրբիլի օդանավակայանի մոտ տեղեկայված ամերիկյան բազային։ Սակայն դատելով Իրանից հնչող հայտարարություններից, սա դեռ ամենը չէ։ Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել է, թե «Այս գիշեր մենք նրանց ապտակեցինք, բայց վրեժն այլ հարց է»։
ԱՄՆ նախագահ Դոնալտ Թրամփի արձագանքը զարմանալիորեն սառնասիրտ էր, առանց զգայական զեղումների. Մեջբերում եմ. « «Ամեն ինչ լավ է: Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների վրա: Կորուստների ու վնասների գնահատում է տեղի ունենում: Աշխարհի ցանկացած հատվածում ունենք ամենահզոր ու լավ զինված զինուժը: Վաղն առավոտյան հայտարարություն կանեմ»: Ու հիմա կարծես բոլորը շունչները պահած սպասում են Թրամփի հայտարարությանը, հասկանալու համար, թե ինչ շարունակություն ու ինչ զարգացումներ կունենա ստեղծված իրավիճակը։ Գնդակն ինչպես ասում են, ԱՄՆ կիսադաշտում է։ Մինչ այդ փորձագիտական շրջանակները փորձում են մեկնաբանել ստեղծված իրավիճակը, պատասխաններ որոնել առաջացած հարցերին, իսկ դրանք շատ-շատ են.Ի՞նչը տարավ ԱՄՆ-ին տարածաշրջանում իրավիճակի նման սրման, ի՞նչ է տալու այս վիճակը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին, ի՞նչ են պատրաստվում անել տարածաշրջանում սեփական շահեր ունեցող երկրները, ի՞նչ է սպասվում առաջիկայում՝ ո՞րն է այն գինը երկու կողմերի համար, որ բավարար կլինի գնալ իրավիճակի լիցքաթափման։
Չնայած հատվել են կարմիր գծերը, սակայն փորձագետների շրջանում կարծես գերիշխող է այն տեսակետը, որ երկու կողմերն էլ գիտակցում են ուղիղ պատերազմի հետեւանքներն ու դրա անհնարինությունը։ Մեկ բան ակնհայտ է. ԱՄՆ- եւ Իրանի միջեւ ընթանում է այսպես կոչված «proxy» պատերազմի նոր փուլը, որի մեկնարկը տրվել էր դեռ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Ինչեւէ, Մերձավոր Արեւելքում ստեղծել է նոր իրավիճակ, անկանխատեսելի ու վտանգավոր հեռանկարներով, որն անկասկած իր ազդեցությունն է թողնելու ավելի լայն շրջանակի, այդ թվում Կովկասի վրա ։ Սպասենք ԱՄՆ նախագահի հայտարարությանը, հետեւենք իրադարձությունների զարգացումներին։ Աստված խաղաղություն տա։