Ի դեպ. Հոկտեմբեր 27-ի գործի նոր քննության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը բավարարել է Անահիտ Բախշյանի բողոքը՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրգործը կարճելու որոշման վերաբերյալ: Եթե հիշում եք, դեռ դեռ նոյեմբերի 8-ին մեզ հետ զրույցում Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ այդ հարցով դիմել է գլխավոր դատախազին։Եւ ահա, Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ նա ստացել է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքի պատասխանը։ Մեջբերում. «Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Սա մեջբերման ավարտն էր։
Իհարկե՝ հասկանալի են Անահիտ Բախշյանի շարժառիթները՝ այդ թվում մարդկային, հանրային ու պետական։ Անվիճարկելի է նաեւ, որ այս ու նման գործերի բացահայտումը չափազանց մեծ կարեւորություն ունի երկրի ու պետության ապագայի համար։ Միակ խնդիրը, որ այս օրերին մտահոգության ու մտածելու տեղիք է տալիս, այն է, թե արդյոք մեր դատական համակարգն այսօր այնպիսի վիճակում է, որ կարողանա սկսել ու մարսել այս գործը։ Ի դեպ, նման կասկածներ ունի Նաիրի Հունանյանի հետ բանտախցում շուրջ երկու ժամ հանդիպում ունեցած պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա ասում է, «կասկածում եմ, որ այսօր Հայաստանի իրավապահ հահամակարգը՝ մասնավորապես դատախազությունը, ԱԱԾ-ն Հոկտեմբերի 27-ի նշանակության և կարևորության գործի բացահայտման համար ունեն անհրաժեշտ կարողություններ, և որ ավելի կարևոր է՝ ունեն կամ հանդես կբերեն բավարար կամք և վճռականություն։
Հիշեցնեմ, ավելի վաղ, նման մտահոգություն էր հայտնել նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Այս տարի հոկտեմբեր 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արամ Սարգսյանն ասել էր, թե «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի, կունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի: Ի դեպ, Արամ Սարգսյանը պետության ուժեղացած լինելը կարեւորում է ոճրագործության ոչ միայն ներքին, այլեւ արտաքին վարկածը ստուգելու համատեքստում։Իսկ այս դեպքում խնդիրը տարածվում է, դուրս գալով իրավական հարթությունից, հետեւաբար պետք է հաշվարկել ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական հետեւանքները։