Ի դեպ. Քաղաքականության, սեփական կածիքի եւ այն արտահայտելու ազատության մասին
Ի դեպԻ դեպ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից նոր ուղերձ է հղել, որով ազդարարել է քաղաքական պայքարի նոր փուլի մեկնարկը եւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ստորագրել են հայտնի հայտարարությունը։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչի եւ այն ստորագրած արվեստագետների թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Ստորագրողների մի մասը հայտարարեց, որ չի ստորագրել, մի մասը լղոզված մեկնաբանություն տվեց, մի մասն էլ հաստատեց իր ստորագրությունը՝ ստորագրել եմ, եւ լավ եմ արել։ Առաջին դեպքում դժվար է պարզել՝ ստորագրել էր, թե ոչ, երկրորդ դեպքում դժվար էր հասկանալ ստորագրել է, թե ոչ, երրորդ դեպքում՝ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Մարդը ստորագրել է եւ իր ստորագրության տերն է։
Բայց թողնենք այս մասնավոր դեպքը, խոսքը ընդհանրապես սեփական կարծիք ունենալու եւ այն ազատորեն արտահայտելու իրավունքի մասին է։ Իհարկե, մեզանից ամեն մեկն իրավունք ունի կարծիք ունենալ ամենատարբեր ոլորտների ու թեմաների վերաբերյալ, ազատորեն արտահայտել այդ կարծիքը հասանելի ու նախընտրելի բոլոր եղանակներով՝ ասուլիսներից ու հարցազրույցներից մինչեւ ֆեյսբուքյան «լայվ»։Եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այդ իրավունքը։ Կրկնում եմ՝ որ ոք իրավունք չունի սահմանափակել այդ իրավունքը՝ բացի այդ կարծիքը կրողից։ Եւ մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե երբ, որ դեպքում ու հատկապես ինչ չափով իրացնի այդ իրավունքը՝ հնարավոր «անհարմարություններից» խուսափելու համար։ Հակառակ պարագայում կստանանք մի պատկեր, երբ ֆիզիկոսն իր «հեղինակավոր» կարծիքը կասի բժշկության մասին, դերասանը կիբեռնետիկայի, կիբեռնետիկը՝ թատերական արվեստի ու այսպես շարունակ։ Օրինակ, եթե մի տաղանդավոր երգիչ հրաշալի է կատարել բանակին նվիրված երգը, արդյո՞ք պիտի խոսի բանակի սպառազինության մասին՝ փորձագետի դիրքերից։ Եթե տաղանդավոր դերասանը բեմում հրաշալի մարմնավորել է քաղաքագետի կերպարը, արդյո՞ք պետք է իրեն իրավունք վերապահի հրապարակային դատողություններ անել քաղաքական զարգացումների մասին՝ բեմից դուրս։
Իհարկե, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ արվեստագետը դրսեւորում է քաղաքացիական, հաճախ քաղաքական ակտիվություն եւ դա միանգամայն տեղին ու արդարացված է։ Դրանք այն դեպքերն են, երբ մարդն ունի կայուն սկզբունքներ, բավարար գիտելիքներ, վերլուծական միտք, փաստերը համադրելու, հակադրելու, մեկնաբանելու ու եզրահանգումների գալու կարողություն եւ այլն։ Բայց համաձայնեք, բոլոր դեպքերում չէ, որ այդպես է։Մի հին պատմություն կար կոշկակարի մասին, ով խորհուրդ է տալիս նկարչին։ Քանի դեռ խորհուրդները վերաբերում էին նկարի մեջ պատկերված կնոջ կոշիկին, նկարիչը ուշադիր լսում է կոշկակարի կարծիքը, իսկ երբ կոշկակարը սկսում է կոշիկից բարձրանալ դեպի ոտքերը, նկարիչն ասում է, այ այստեղ՝ «ստոպ»։