Ի դեպ. ՀՖՖ ընտրությունների մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին տեղի ունեցան ՀՖՖ-ի այդքան սպասված ընտրությունները։ Հանրային հետաքրքրությունն ու ուշադրությունը չափազանց մեծ էր, ընտրությունների ընթացքը՝ բավական լարված։ Արդյունքում, 13 կողմ ձայներով ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Մյուս թեկնածուն «Լոռի» ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն։ Միայն այն, որ ընտրությունները նախորդների համեմատ մրցակցային էին, արդեն լավ է։
Բայց մրցակցայինը դեռ չի նշանակում արդար։ Դեռ մինչեւ ընտրությունները, արդեն տեղեկություններ էին շրջանառվում ճնշումների մասին, ասում են նույնիսկ, թե պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը ձայնագրություններ ունի, կազմակերպությունների ղեկավարներին կատարված զանգերի ու տրված հրահանգների մասին։ Սրան հավանաբար ոչ ոք ուշադրություն չի դարձնի այն պարզ պատճառով, որ թեկնածուի անունը կապվում է ՀՖՖ նախկին նախագահ, ոչ անհայտ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Ի դեպ, ՀՖՖ նորընտիր նախագահի վարչապետի հետ հանդիպմանը առանց անուններ տալու, խոսվեց սպորտը, ֆուտբոլը քրեական ենթամշակույթ կրողներից ու կոռուպցիայից մաքրելու մասին։
Ինչեւէ. Թովմաս Գրիգորյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները, գտնում է, որ դրանք արդար չեն եղել, եւ չէր բացառում բողոքարկելու տարբերակը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մի սկանդալ էլ հասունանում էր գործկոմի կազմի ընտրության ժամանակ։ Պարզվեց, որ գործկոմի կազմից դուրս էր մնացել հայկական ֆուտբոլի անվիճարկելի առաջատար Հենրիխ Միխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, որը Հենրիխի մայր լինելուց զատ, շուրջ 40 տարի ֆուտբոլում է, այդ թվում ՀՖՖ-ում։ Եւ թող չասեն, թե՝ ինչ անենք, արդար ընտրությունների արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է։ Այդ ինչպես է, որ նախագահի երրորդ թեկնածուի հետ կարելի էր պայմանավորվել, որ իր թեկնածությունը հանի, իսկ այս դեպքում հնարավոր չէր տիկնոջ թեկնածությունն առաջադրել ոչ ֆեյք կազմակերպության կողմից, որը պետք է զրկվեր քվեարկելու իրավունքից, իսկ իր առաջադրած թեկնածուն՝ դուրս մնար խաղից։ Երկու տարբերակ կա՝ դիտավորություն կամ պարզապես անուշադրություն ։
Պարզապես շատ տգեղ է այս ֆուտբոլային ընտանիքի մատուցած ու դեռ մատուցվող ծառայությունները հայկական ֆուտբոլին անտեսելը։ Պատկերացրեք տիկնոջ ու նրա որդու ապրումներն ու վիրավորանքի չափը։ Եվ բնական է, որ այս իրավիճակում պիտի տեղեկություններ տարածվեին այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է լքել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Մարինա Թաշչյանն ասաց, մեջբերում եմ. «թող ինքը որոշի, եթե իր մորը վիրավորել են կշարունակի, թե ոչ»։ Ես դեմ եմ, որ չշարունակի։ Ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից»։ Տեսնես ֆեդերացիայում գիտակցո՞ւմ են, թե ինչ շիլա է եփվել։ Տեսնես ինչ որ քայլեր ձեռնարկելու՞ են այս ամենը հարթելու համար, թե ինչպես ասում են՝ «աչքը սարքելու փոխարեն ունքն էլ են հանելու»։