Մենք գործ ունենք «Պրեմիա շոու» ներկայացման հետ. Շարմազանով
Վազող տող
«2019 թվականը քաղաքական առումով Փաշինյանի և իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ոչ միայն չիրականացված խոստումների, այլև աբսուրդային հայտարարությունների և պետական ինստիտուտների հարձակման տարի էր: Մեկ տարի առաջ արտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը, ըստ Փաշինյանի, այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ ներդրումներ լինեն, որ թոշակները զարգանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում և այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ: Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս: Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ: Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որևէ թռիչքաձև զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Տնտեսական հեղափոխությունը միֆ է »,-նկատեց նա։
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետերից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը:
«Մենք գործ ունենք «Պրեմիա շոու» ներկայացման հետ: Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել: Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար եւ այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,-հավելեց նա։
ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց նաև, որ այս տարի եղել է աբսուրդային հայտարարությունների տարի․
«Պետության ղեկավարը, միգուցե մոռացել է, որ ինքն այլևս (ես շատ եմ հարգում լրագրողներին), բայց եկեք ընդունենք, որ պետության ղեկավարի դերն ավելի պատասխանատու է, քան թերթի խմբագրի կամ ընդդիմադիր խմբակցության ղեկավարինը։ Մենք ականատես եղանք հետևյալ հայտարարություններին՝ անցած տարվա սկզբին ականատես եղանք Փաշինյանի կողմից Իրանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությանը։ Անցել է շուրջ մեկ տարի և Փաշինյանը չի տվել որևէ մեկ օտարերկրյա գործակալի անուն, ավելին՝ համապատասխան կառույցները չեմ վնասազերծել որևէ օտարերկրյա գործակալի»։