Ի դեպ. Հանրապետական ծննդատան գլխավոր բժշկին առաջադրված մեղադրանքի ու խափանման միջոցի մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերի ամենաշոկային թեման առնչվում է երեխաների ապօրինի որդեգրմանը, եւ կապվում է հանրապետական Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի անվան հետ։ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ կամ երեխային փոխելու, ինչպես նաեւ առեւտրային կաշառքի համապատասխան հոդվածներով: Դեռ նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների հետևանքով բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Ըստ էության խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ, մասնավորապես խոսվում է 2016-2018 թվականների մասին, տասնյակ, կամ գուցե հարյուրավոր երեխաներ խլվել են իրենց ծնողներից ու վաճառվել։ Այս շոկային թեման իր շարունակությունն ունեցավ, երբ պարզվեց, որ դատարանը որոշել է չկալանավորել այս զարհուրելի պատմության հիմնական կասկածյալներից մեկին։Ասում եմ կասկածյալներից մեկին, քանի որ նման հանցագործություն չէր կարողանա կատարել մեկ անձ, ինչպիսին էլ լիներ նրա կարգավիճակը կամ պաշտոնը։
Բազմաթիվ փաստաթղթերի անհրաժեշտությունը, բազմաթիվ օրենսդրական ու կանոնակարգային արգելքները հաղթահարելու հնարավորությունն ու փաստացի իրավապահների աչքից հեռու մնալը ենթադրում են, որ դրա համար անհրաժեշտ էր հանցավոր խումբ, հանցավոր սխեմա, որին ներգրավված պիտի լինեին պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Եւ երեւի թե պարտադիր չէ իրավաբան լինել, հասկանալու համար, որ նման մասշտաբի հանցագործության կասկածյալը պետք է ժամ առաջ մեկուսացվեր, թեկուզ իր հովանավորների հետ կապը բացառելու համար։ Սա իմիջիայլոց։ Բայց մի երկու արձանագրում պետք է անել։
Փաստացի, երեխաների առքուվաճառք է կատարվել Հայաստանում, որտեղ ամեն մի սեղանի շուրջ ամենաջերմ բառերով կենացներ ենք նվիրում երեխաներին ու ընտանիքին, որպես սրբություն։ Հաջորդ արձանագրումը կամ վերահաստատումը. Հայաստանում երկար տարիներ վստահության պակաս ենք ունեցել դատարանների, ընդհանրապես իրավապահ համակարգի նկատմամբ։ Հեղափոխությունի հետո, նոր իշխանություններին դեռ չի հաջողվել լուծել այդ վստահության խնդիրը, ինչ էլ հաճախ հնարավոր է դարձնում արդարադատությունից խուսափելն երկիրը լքելով ազատության մեջ մնալը։ Նոր իշխանության ամենահրատապ խնդիրներից են դատաիրավական համակարգի առողջացումը, արդարադատության ու արդարության հաստատումը։