Ի դեպ. Մշակույթի գործիչների հայտարարության մասին
ADTVԻ դեպ, մամուլում ու սոցիալական ցանցերում շարունակվում են բուռն քննարկումները՝ կապված մշակույթի մի խումբ գործիչների կոչի հետ։ Հիշեցնեմ, նախօերին Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի ու արվեստի շուրջ 60 հայազգի գործիչներ հանդես էին եկել նույնաբովանդակ հայտարարությամբ, որով կոչ էին անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ավելի ճիշտ՝ փոխել նրա խափանման միջոցը։
Հայտարարության մեջ մշակույթի գործիչները շեշտում են, որ դատավորի կեցվածք չեն ընդունում, իրավական նրբությունների մեջ չեն մտնում ու իրավական գնահատականներ չեն տալիս, բայց որպես քաղաքացի իրենց մտահոգում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորը,ինչպես հայտարարության մեջ է ասվում՝ չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է, չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը եւ ուրեմն առաջարկում փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Սպասելի էր, իհարկե, թե ինչպիսին է լինելու հանրային արձագանքը։ Այդ մասին հավանաբար գիտեին, կամ կռահում էին նաեւ հայտարարության տակ ստորագրած մարդիկ ։ Կոշտ հակադարձումներ, հայհոյախառն մեկնաբանություններ ու պիտակավորումներ։ Հետո եկավ հրաժարումների ժամանակը։
Եղան մարդիկ, որ հայտարարեցին, թե իրենք չեն ստորագրել, մյուսները լղոզված պատասխաններ էին տալիս լրագորղների հարցերին, եղան նաեւ բացառություններ, որ հայտարարեցին որ ստորագրել են եւ տեր են իրենց ստորագրությանը։ Իրականում ինչ որ դարակազմիկ ու արտառոց բան տեղի չի ունեցել։ Ինչքան էլ բացասական է հանրային վերաբերմունքը 2-րդ նախագահի նկատմամբ, հասարակության մեջ թեկուզ քիչ թվով, բայց կարող են լինել, եւ կան մարդիկ, ովքեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրենց աջակցությունը հայտնել՝ մի մասը անկեղծ ու անկաշառ, մյուս մասը՝ ասենք այսպես՝ «սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում։
Այդ մարդկանց մեջ կարող են լինել այնպիսիք, ովքեր իսկապես Ռոբերռ Քոչարյանի գործունեությունը դրական են գնահատում, եւ կարող են լինել մարդիկ, ովքեր պարզապես լավ են զգացել նրա իշխանության ժամանակ։ Դե՝ պարգեւներ, կոչումներ , հազարումի նման բաներ են ստացել ժամանակին։ Հանգամանքների բերումով կամ սեփական ջանքերով ու նախաձեռնությամբ երկրի ղեկավարին մերձ շրջանակներում են հայտնվել, ինչ որ բաներ են ստացել արտոնյալ պայմանների կամ պարգեւ-կոչումների տեսքով, իսկ հիմա եկել է փոխհատուցելու ժամանակը՝ հայտարարության տակ ստորագրելու տեսքով։
Երեկ, այսօր եւ հետայսու, ամեն մի արվեստագետ եւ ընդհանրապես ամեն մի հանրային դեմք ինքն է ընտրում, թե որքան պիտի լինի իշխանության հետ մերձեցման կամ հեռավորության աստիճանը։ Մի բան սակայն պետք է հիշել պարտքը կուտակելուց՝ մի օր գալու է այն վերադարձնելու կամ փոխհատուցելու ժամանակը։