Ի դեպ. ԼՀԿ աղմկահարույց հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, Երեւանի ավագանու նախօրեին կայացած նիստում մեկնարկած, արդի հայերենով ասած «բոլոլան» այսօր շարունակվեց Լուսավոր Հայաստան կուսակցությունում։ Պատճառը ավագանու «Լույս» խմբակցության անդամի եւ քաղաքապետի այսպես ասած «փոխհրաձգությունն» էր՝ վտանգավոր թափոնների հարցից մինչեւ փոխադարձ վիրավորանքներ, ֆեյսբուքյան քոմենտների հիշեցումներ ու խոսափողի անջատում։ «Բանը հասավ դիվանբաշուն» եւ այս «բոլոլային» այսօր արդեն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը մաս է կազմում ավագանու «Լույս» խմբակցության, իր մեկ անդամով՝ Դավիթ Խաժակյանով։ Կուսակցության նախագահը հայտարարեց, որ քննարկում են «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում հետագա գործունեության նպատակահարմարության հարցը, թեեւ շատ գոհ են նրա աշխատանքից։
Պատճառաբանությունն այն է, թե Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանի կողմից կատարված չարաշահում, ինչը սակայն պատշաճ չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանել են Հայկ Մարությանի ծիծաղելու տեսարաններն ու այլ դրվագներ: «Հիմա, երբ այդ աշխատանքը կորչում է, դրա գնահատողն ո՞վ պետք է լինի։ Եթե քաղաքացիներն այդ աշխատանքը չեն տեսնում, արդյո՞ք անհրաժեշտ է շարունակել գործունեությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Ստացվում է՝ լրագրողներն են մեղավոր։ Բայց Մարուքյանի բացարության բանալին հավանաբար այլ նախադասություն մեջ պետք է փնտրել, այն է՝ «Մենք չենք կարող անդադար ազդեցություն չունենալ մի իրավիճակի վրա և, միևնույն ժամանակ՝ դրա համար կրել պատասխանատվություն»: Այլ կերպ ասած, «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է ավագանու «Լույս» խմբակցության մյուս՝ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող անդամների գործունեությունից, ովքեր կոշտ ու անխնա քննադատում են քաղաքապետին, տեղ-տեղ գուցե տաքանալով չափից շատ, եւ որոշել է քննարկել ավագանու իր անդամին հետ կանչելու հարցը։
Ի դեպ, այսօրվա հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստանը» հարվածներ ստացավ թե իշխանամերձ թե ընդդիմադիր ճամբարներից։ Մի կողմից «Լուսավորին» մեղադրում են այսպես կոչված «հակահեղափոխականների» հետ նույն գծի մեջ լինելու մեջ, մյուս կողմից էլ, թե «տղերք, ձեր "ընդդիմադիր" պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր: Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»: Իսկ Հանրապետության համար ԼՀԿ հայտարարությունն անակնկալ է, ու ափսոսում են, որ հնարավոր է՝ կորցնեն իրենց գործընկերոջը։ Ինչեւէ։ Արդյո՞ք ԼՀԿ-ն հիմնավոր պատճառներ ունի ավագանու իր անդամին հետ կանչելու համար։ Արդյո՞ք «Լույս» խմբակցության մյուս անդամների վրա ազդեցություն չունենալը հիմնավոր պատճառ է։ Գուցե խնդիրն ավելի խո՞րն է, կուսակցական, խորքային ու դեռեւս չերեւացող պրոցեսների արդյո՞ւնք։ Եթե ոչ, ուրեմն սա «փոթորիկ էր մեկ բաժակ ջրում» կամ՝ «մեծ աղմուկ ոչնչից»։