Ի դեպ. Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքի ու քաղաքական դիրքավորումների մասին
Ի դեպԻ դեպ, օրերս տեղի ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքը՝ «Հանուն ապագայի. հանուն Հանրապետության» խորագրով:Հավաքին մասնակցում էին քաղաքական տարբեր ուժերի, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ ու անհատներ:Դեռ այն ժամանակ, երբ Արման Բաբաջանյանը հեռացավ ԱԺ-ի Լուսավոր Հայաստան խմբակցությունից, ակնհայտ էր, որ հետագա գործունեության այլ ծրագրեր ունի եւ վաղ թե ուշ հայտարարելու է քաղաքական նոր միավորի ստեղծման մասին:Եւ ահա այս հավաքը հենց դրա վկայությունն էր:Առավել կարեւորն այն էր, թե քաղաքական ինչ դիրքավորում է ունենալու այդ միավորը: Եւ հենց այստեղ է, որ պետք է խոստովանել՝ նոր ձեւավորվող միավորը հետաքրքիր գույն է բերում «սեւերի» ու «սպիտակների» կողմից ասենք այսպես՝ «օկուպացված» քաղաքական դաշտ:
Բանն այն է, որ «սեւերը» առաջ են շարժվում նախընթաց տարիների ընդիմություններին բնորոշ, գուցե թե այն տարիներին արդարացված գործիքակազմով ու հռետորաբանությամբ:Սեւերը կոշտ քննադատում են կառավարման համակարգի վատ աշխատանքը, վարչապետի վարկանիշի բնական ու ոչ մեծ անկումը ներկայացնում են որպես գահավիժում, թիրախավորում են հատկապես Արցախի հարցում իշխանության մոտեցումներն ու հայտարարությունները եւ որպես այս ամենի տրամաբանական ելք՝ պահանջում են արտահերթ ընտրություններ: Մի բան սակայն հաշվի չեն առնում սեւերը. Քաղաքական ճգնաժամի բացակայության պայմաններում, լեգիտիմության ամենաբարձր մակարդակ ունեցող իշխանութան հետ այդ լեզվով խոսելը, եթե ֆորսմաժորներ չլինեն, արդյունք չի տալու, այն էլ արտահերթ ընտրությունների տեսքով:
Ահա այս սեւ ու սպիտակի հակադրության համապատկերում քաղաքական հայտ է ներկայացնում մի նոր միավոր, ով անվերապահորեն մերժում է նախկիններին, միաժամանակ գոհ չէ գործող իշխանությունների աշխատանքից: Քաղաքական այս միավորը դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում, խորհուրդներ է տալու լեգիտիմ իշխանությանը, քանի որ հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները,այլեւ ներկա իշխանության ներկայացուցիչները: Վատ չի մտածված.Soft power, որը հնարավորություն կտա խուսափել իշխանության համախոհների հարվածներից, նրանց սիրտը շահել «սեւերին» շարունակաբար հարվածելով, ձեռք բերել համախոհներ ու էլեկտորալ բազա ձեւավորել երկու դաշտերից միաժամանակ: Իսկ թե ինչքան կշարունակվի փափուկ ուժի քաղաքականությունը, երբ եւ ինչ չափով այն կկոշտանա, ցույց կտան ժամանակն ու քաղաքական հետագա զարգացումները:Ահա այսպիսի բանաձեւ՝ հանուն քաղաքական ապագայի :