Ի դեպ. Կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումների մասին
Ի դեպԻ դեպ, դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի Հայաստանում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փորձագիտական համաժողով էր կազմակերպել՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո։Համաժողովին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներից ու հետեւաբար նոր իշխանությունների ամենակարեւոր թիրախներից մեկը հենց կոռուպցիան էր ու պայքարը կոռուպցիայի դեմ։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիոն երևույթներն ամբողջությամբ արմատախիլ են արվել։ Նա նաեւ նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է ընկալվի որպես գործընթաց բացառապես նախկին կոռումպացված իշխանությունների նկատմամբ։ Մեջբերում. «Այս առումով մենք տարբերություն չենք դնում նախկին և ներկա իշխանությունների միջև։
Ավելին, ես առավել ևս չեմ ընդունում, երբ իմ նշանակած կադրերը ներքաշվում են կոռուպցիոն գործարքների մեջ։ Այդ կապակցությամբ նշեմ, որ վերջին շրջանում մեղադրանքներ են ներկայացվել առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների»։ Վարչապետն անդրադարձել է նաեւ նախկիններին, մասնավորապես հանրապետության նախկին նախագահին ներկայացված մեղադրանքին ։ Դիզելի կամ ըստ ֆեյսբուքյան ձեւակերպումների՝ ավելի շուտ դիզելու, քան դիզելի։ Վարչապետին զարմացրել են այդ մեղադրանքի հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ այս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել: Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով։ Այս տրամանաբությամբ հետևում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե, ասենք, 4 միլիարդ դրամանոց գործ: Ընդհանրապես, կոռուպցիոն մտածողության ու կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումների մասին երկար կարելի է խոսել, իսկ ընդդիմությունն այս հարցի մեկ այլ դիտանկյունից է նայում։ Մասնավորապես հարց է տալիս, բնավ ոչ հռետորական։
Ասում է՝ հարգելի իշխանություն, արդեն մեկ-մեկուկես տարի է՝ բոլորդ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի ու հաջողությունների մասին,դե ուրեմն վերցրեք մաքուր թուղթ ու գրիչ, ու գրեք գոնե մեկ կոռուպցիոն գործի անուն, որը հասել է դատարան ու հրապարակվել է դատական վճիռ։ Եթե չկա, ուրեմն պետք է արձանագրել, որ կամ ապացուցված չեն, կամ որ ավելի վատ է՝ օգտագործվում են որպես լծակ՝ քաղաքական նպատակներով։ Սա տեղեկություն իշխանություններին՝ խորհրդածության համար։ Երեւի թե ժամանակն է կասկածելի նվիրատվություններից անցնել համակարգված իրավական լուծումների։