Ի դեպ. ՀՅԴ օրակարգի եւ «պարտիզանական պատերազմների» մասին
ADTVԻ դեպ, դատելով վերջին զարգացումներից, բավական դրամատիկ ժամանակներ են սկսել ՀՅԴ համար։ Ամեն ինչ սկսվեց ԿԳՄՍ նախարարության հետ հայտնի հակամարտությունից, բայց ավելի դրամատիկ ընթացք ստացավ այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն հայտարարություն-նամակը։ Դեռ այն օրերին, երբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա ու նստացույց էին անցկացնում նախարարության շենքի մոտ, շատերի աչքից չէր վրիպել, որ մասնակիցների շարքերում չեն «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամերը։
Դա շատերին հիմք էր տվել ենթադրելու, որ այս հարցում կուսակցության ներսում, կամ առնվազն երիտասարդական ու ուսանողական միությունների միջեւ տարաձայնություններ կան։ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարություն-նամակի՝ մամուլում հայտնվելուց հետո փորձ արվեց ներկայացնել, թե այն կեղծ է, սակայն շատ արագ պարզվեց, որ կեղծ չէ, բայց իրականում կազմվել է ներքին շրջանառության համար, հրապարակման ենթակա չի եղել ու հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել լրատվամիջոցներում: Ինչեւ, մամուլին ու լայն հասարակության հայտնի դարձավ ՀՅԴ կոմիտեների ժողովից մանրամասներ, մասնավորապես արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը, եւ այդ հարցի շուրջ միասնական դրական կարծիքի ձևավորումը:
Տեղեկություն կար այն մասին, թե ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցչի ելույթում խոսվել է իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին։ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության կարծիքով տեղի ունեցած ժողովը չի արտահայտում շարքերի իրական կարծիքը այդ օրակարգի շուրջ, քանի որ շատերը համաձայն չեն այդ օրակարգին, անկախ նրանից բարձրաձայնել են, թե ոչ: Հետո ուսանողական միության անդամներից երկուսը իրենց տեսակետները ներկայացրի եթերում, որից հետո արտաքսվեցին կուսակցության շարքերից։ Խնդիրն այստեղ ոչ միայն ու ոչ այնքան ներկուսակցական խնդիրներն են, այդ թվում կանոնագրային ու կարգապահական, որքան այն որ հարցը հասավ ԱԺ, եւ խորհրդարանական ամբիոնից կոշտ արձագանքներ հնչեցին ՀՅԴ հասցեին ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլեւ անկախ պատգամավորի շուրթերից։ Ի պատասխան իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնելու հայտարարության, հնչեց խիստ զգուշացումը՝ պարտիզանական պատերազմները խեղդվելու են բների մեջ ։
Հասկանալի է, որ քաղաքական պայքարը ենթադրում է նաեւ մեղմ ասած՝ տաք բանավեճեր, սակայն պետք է կարողանալ այնպես անել, իսկ դա վերաբերում է բոլոր ուժերին, լինի դա ընդդիմություն, թե իշխանություն, որ պայքարը մնա քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ ու չվերածվի քաղաքական պատերազմի։