Ի դեպ. Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին
ADTVԻ դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է ներկայացրել հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ մեղադրանքի, 3-րդ նախագահը 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը։ Խոսքը մոտ 500 միլիոն դրամի մասին է, որ ենթադրաբար հափշտակվել է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով, վառելիքն էլ ձեռք է բերել Ֆլեշ ընկերությունից։
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրերն արդեն տեւական ժամանակ, ինչպես ասում են՝ կախված էին օդում։ Ավելին՝ ոչ միայն մեղադրանքի, այլեւ հավանական ձերբակալության մասին էին խոսել թե Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան ու Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, թե հենց ինքը՝ հանրապետության 3-րդ նախագահը։ Մեջբերեմ.
«Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն»։ Սա մեջբերման ավարտն էր։ Շատ սպասելի էր նաեւ ՀՀԿ արձագանքը։ Հանրապետականն այս մեղադրանքն համարում է շինծու եւ անհեթեթ, բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսեւորում, որի նպատակը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնել է՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների ֆոնին։ Ու մինչ հանրապետականը խոսում է մեղադրանքի բացառապես քաղաքական դրդապատճառների մասին, կառավարության աշխատակազմի ղեկավարը շտապում է փարատել հասարակության այն հատվածի տարակուսանքը, ով գտնում է, որ ներկայացված մեղադրանքը շատ թույլ է ։
Էդուարդ Աղաջանյանը չի բացառել, որ այլ գործերի շրջանակում է՛լ ավելի մեծ մասշտաբի եւ է՛լ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ նախկին ու ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Ի դեպ.այս պատմության մեջ հոլովվում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի անունը։ Ըստ շրջանառվող լուրերի, հենց նրա ցուցմունքով է, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին։ Այդ պատճառով 3-րդ նախագահին մերձ շրջանակներն ասում են, թե Կարապետյանը դավաճանել է Սարգսյանին։ Քաղաքագետներից մեկն էլ հարցադրում է անում, թե Կարապետյանը դավաճանել է, քանի որ զրպարտե՞լ է, թե՝ որ գաղտնիք է բացել։ Ինչեւէ. Սերժ Սարգսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, ասել է՝ թե նա ազատության մեջ է, ու երեւի թե հիմա ամենահարմար պահն է քաղաքացիների հետ անկեղծ զրույց ունենալու խոստումը կատարելու համար։