Ի դեպ. ՍԴ դատավորներին «թոշակավորելու» մասին
Ի դեպԻ դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Սահմանադրական դատարանի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Հիշեցնեմ, սրանով փորձ է արվում հանգուցալուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամը՝ վաղաժամ թոշակավորելով ՍԴ դատավորներին։ Առաջարկը հետեւայլն է. Եթե ՍԴ դատավորը հրաժարական է ներկայացնում մինչեւ 2020թ-ի հունվարի 31-ը, ապա նրա լիազորությունները դադարեցվում են, եւ նա, մինչեւ պաշտոնավարման սահմանված տարիքը լրանալը, թոշակ է ստանում՝ հրաժարականի պահին ստացած դրույքաչափով։ Հիշո՞ւմ եք, մի ժամանակ Հայաստանում ծրագիր էր իրականացվում՝ «Սնունդ աշխատանքի դիմաց»։ Նույն տրամաբանությամբ սա կարելի է համարել սնունդ՝ « չաշխատանքի» դիմաց։ Հիշեցնեմ, սա իշխանությունների կողմից որեւէ կերպ ՍԴ թնջուկը լուծելու 3-րդ փորձն է ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի «Բլից կրիգից» ու ՍԴ ուղարկված ԱԺ-ի դիմումից հետո, որը ինչպես գիտեք, վարույթ չընդունվեց։
Հիմա նախարարն ասում է, թե նախագծով որևէ մեկը որևէ մեկին լավություն չի անում: Մեջբերում եմ՝ «Սա պատվով հեռանալու ընթացակարգ է, որի իմաստն այն է, որ պետությունը լրացուցիչ ռեսուրս չի ծախսում ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար, և առաջարկում է հնարավոր հեշտ տարբերակը»։ Նախ այնքան էլ այնպես չէ, որ պետությունը լրացուցիչ ռեսուրսներ չի ծախսելու։ Արդեն հաշվարկներ կան, թե այդ տարիների ընթացքում պետությունն ինչքան լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է ծախսելու դատավորներին վճարելու համար։ Բայց սա հարցի միայն մեկ կողմն է։ Հաջորդը՝ արդյո՞ք սա ապահովում է դատավորների հրաժարական տալու կամավորության սկզբունքը, ինչի անհրաժեշտությունն ի դեպ նշել էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ Վենետիկի հանձնաժողովը հարցի վերաբերյալ իր եզրակացության մեջ ամրագրել էր, որ պաշտոնաթողության առաջարկը նախագծում առարկելի չի լինի, եթե այն կրի կամավոր բնույթ։ Շատ մասնագետներ ասում են, որ կամավորության մասին խոսք լինել չի կարող, եթե դրվում են հրաժարականի հստակ ու կոնկրետ ժամկետներ։
Եվ՝ երրորդը. Արդյո՞ք սա գործող դատավորների համար պատվով հեռանալու ընթացակարգ է, թե՞ նրանցից ինչ որ կերպ ձերբազատվելու եղանակ՝ շահագրգռելու միջոցով։ Պիտի ենթադրել՝ ավելի շուտ երկրորդը, եւ այս տարբերակը հազիվ թե ընդունելի լինի դատավորների համար։ Ամեն ինչ պարզ կլինի 2020թ-ի հունվարի 31-ին։ Եթե դատավորները չվերանայեն իրենց դիրքորոշումը, իշխանությունը հարկադրված է լինելու այլ բան մտածել։ Անվրեպ տարբերակը, հավանաբար Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լուծարում է եւ Գերագույն դատարանի ստեղծումը՝ որպես Հայաստանի բարձրագույն դատական ատյան։