Մենք «բանդա» չէինք, մեզ «բանդա» կոչեցին, որ իրենց բանդիտիզմը չերևար. Արմեն Տեր-Սահակյանը փակագծեր է բացում
Իրավական
Ես 23 տարի լռել եմ ու չեմ ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 23 տարի առաջ, անգամ դատարանում լռել եմ, չեմ խոսել, ես գալիս էի դատարան ու քնում էի, իմաստ չուներ այնտեղ խոսելը։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ArmDaily.am–ի և ևս երկու լրատվամիջոցի հետ զրուjցում ասաց 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը, ով հայտնի է՝ որպես Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի պարագլուխ:
«Մեր տղաներին, որ ասում էին «բանդա», մենք «բանդա» չէինք եղել, մենք կռվել ենք սահմաններում, ոնց որ մյուս ջոկատները։ Էդ «բանդա» հասկացությունը բանդիտները դրեցին մեր վրա՝ Աղվան Հովսեփյանը և նրա պապաները։ Իրենք էդ «բանդան» դրեցին մեր վրա, որ իրենց բանդիտիզմը չերևար, բանդան իրենք էին։ Մեր տղաներին ստեղ սպանում էին ծեծելով, մարդուն ամբողջությամբ մերկ ծեծից հետո, փետրվար ամսին գցում էին ձյան մեջ, վեդրոյով ջուր էին լցնում վրաները, թողում էին 1 ժամ, որ ասեին, թե ով պետք է սպաներ Վազգեն Սարգսյանին։ Բայց նման բան չկար, ոչ մեկ չէր դիմանար դրան։ Այդ ամենն արեցին, որ իրենց գործերն առաջ տանեին»,-ասաց Տեր Սահակյանը՝ ընդգծելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը, թե ցանկացել է սպանել Վազգեն Սարգսյանին, կեղտոտ սուտ է։
«Դա պլանավորված, նախապատրաստված բան էր, որ իրենք գային իշխանության։ Ինձ, որ տարան 6-րդ բաժին, այնտեղ Կրակեմ Հրաչն էր, ես հասկացա, որ ինչ-որ կեղտոտ խաղ է խաղացվում, նա ասաց, որ իմ հեռախոսը լսվում էր։ Ես ասեցի, որ 3 հատ հեռախոս ունեմ, եթե կասես, որ հեռախոսով եմ խոսել՝ խնդիր չկա, բայց տենց բան չկա, ինքը չգիտեր՝ ես հեռախոսով խոսել եմ, թե չէ։ Ամեն ինչ սարքված էր, որ իրենք գնային իշխանությունը զավթեին 1998 թ-ին։ Դրանից հետո ինձ սկսեցին սպանությունների մեջ մեղադրել։ Ես ուզում եմ ի սկզբանե ասել. ես մարդ չեմ սպանել, ես մասնակից չեմ եղել, ոչ մի սպանության, ես ներկա չեմ եղել ոչ մի սպանության, ես իմ տանը քնած եմ եղել։ Իրենք ինձ մահապատժի դատապարտեցին, ինչը ինձ չէր հասնում քրեական օրենսգրքով, միայն նրա համար, որ ես նրանց ասածը չարեցի։ Իսկ իրենց նպատակը Վանոն էր»,-ասաց նա ընդգծելով, որ եթե ինքը Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տար՝ մեկ տարի չէր նստի։
«Չորս ամիս նստելուց հետո, որ արդեն կյանքս կերել էին, ասեցի լավ ցուցմունք եմ տալիս, բայց ասեցի, որ ինչ գիտեմ, դա եմ ասելու, ասացի չէ, էդպես չի լինի։ Ասեցի, որ ցուցմունք կտամ, եթե շարժառիթ բերեք ու համոզեք, որ Վանոն կապ ունի այդ շարժառիթների հետ։ Եթե շարժառիթը կբերեք՝ կապացուցեք, որ Վանոն կապ ունի՝ խնդիր չկա։ Բայց իրենք չէին կարող այդ շարժառիթները բերել, քանի որ իրականում այդ սպանությունները ոչ Վանոյին է պետք, ոչ ինձ։ Իրենց պետք էր Վանոյին Հայաստանից վտարել, որովհետև, Վանոյի Հայաստանում մնալու դեպքում պետք է սպանեին նրան, այնպես ինչպես Վազգեն Սարգսյանին սպանեցին, կամ Վանոն պետք է Հայաստանից գնար, իրեն կյանքում էին բռնելու, քանի որ նա բանտում ավելի վտանգավոր կլիներ, ժողովուրդը ավելի շուտ ոտքի կհելներ, ի վերջո նա ներքին գործերի նախարար էր ու իրենց մասին շատ բան գիտեր։ Վանոն 2 տարբերակ ուներ կամ պետք ա գնար կամ պետք է խփեին, ուրիշ տարբերակ չկար, իրեն չէին դատելու, քանի որ իրենց ձեռք չէր տալիս Վանոյին դատելը։ Նա մտածեց, որ չարժի սրանց ձեռով մեռնելը, սրանք էդքան չկան, որ սրանց ձեռքից մարդ մեռնի»,-ասաց նա։
Վերադառնալով իր կալանավորմանը՝ նա պատմեց, որ մեկ տարի անց ինչ-որ մարդիկ իրեն ասացին, որ «իր վերջը եկել է»։
«Ես պետք է գնայի ոտքերս առաջ, դա բոլորին էր ձեռք տալիս, իրենք՝ բոլորը, թե ՍԵրժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը մի թիմից էին։ Ինձ ԿԳԲ-ից գողացան բերեցին ստեղ՝ մեկուսարան, որովհետև ինձ չէին կարող սպանել ԿԳԲ-ում, Սերժ Սագսյանն էր նախարարը, նա թույլ չէր տա, որ իր օբյեկտի մեջ ինձ ուղարկեին՝ գնայի, ես սկսեցի իմ խաղը Աղվանի դեմ։ Ես 4 օր կարանտինում էի ու մտածում էի, թե ոնց կարամ պլստամ, որովհետև, ինձ համար կամեռ էին պատրաստում, չգիտեմ ոնց պետք է սպանեին ինձ այնտեղ, բայց պետք է դա անեին։ Ես գտա լավագույն տարբերակը՝ միակ տարբերակը ցուցմունք տալն էր։ Ես պիտի անցնեի Քոչարյանի ու Սերժի կողմը, էդ ժամանակ ես իրենց ողջ էի պետք, որ դատարանում խոսեի։ էդ դեպքում ինձ ոչ ոք չէր կարող կպնել, իմ կյանքը ապահովված կլիներ մինչև դատարան, սակայն եթե ես ցուցմունք տայի՝ կդավաճանեի։ Ես մտածեցի, որ լավագույն տարբերակը 3 հոգու անուն տալը կլինի, ես մենակ կլինեմ, իրենք՝ 3-ը։ Մեկ հոգին 3 հոգու դեմ չի կարող ապացուցի իմ ցուցմունքը չէր անցնի, բայց դրա շնորհիվ է, որ մինչև էսօր ողջ եմ։ Ինձ պետք էր հասնել դատարան, քանի որ այդ ժամանակ ես տեսախցիկների առջև էի լինելու ու ինձ ձեռք չէին տա»,-պատմեց նա։
Արմեն Տեր-Սահակյանին առաջադրված մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. առմանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային եւ պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Ըստ մեղադրանքի, բանդան իրականացրել է 1992թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի եւ նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ուղեւոր Ժորա Իսահակյանի, վարորդ Հակոբ Ունիկյանի սպանությունները:
Շարունակելի...