Ի դեպ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին բավական բուռն ու անսպասելի զարգացումներ տեղի ունեցան կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովում։ Ի զարմանս շատերի, հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ թե խորհրդարանական մեծամասնության թեկնածու Էդգար Շաթիրյանը, այլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Եւ մինչ հանձնաժողովի նորընտիր նախագահը շնորհավորանքներ էր ստանում, նախագահ չընտրված թեկնածուն հայտարարեց, որ ստեղծված պայմաններում այլեւս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը։ Կարճ ասած՝ հրաժարական։ Կրքերն ավելի թեժացան, մի մասը պաշտպանում էր Էդգար Շաթիրյանի այս որոշումը եւ քննադատում կառավարող մեծամասնությանը, որ հերթական անգամ, «արդի» հայերենով ասած՝ «քաշում է» իր թեկնածուին, մյուս մասն էլ, թե բա նրան ոչ ոք հանձնաժողովի նախագահի պաշտոն չէր խոստացել, եթե ուզում էր պայքարել կոռուպցիայի դեմ, ապա կարող էր դա անել հանձնաժողովի անդամի կարգավիճակում։
Իսկ ի՞նչ է ասում կառավարող քաղաքական ուժը, երբ իր թեկնածուն պարտվում է տարբեր մակարդակի ընտրություններում։ Ասում է այո, հաղթեց ժողովրդավարությունը, դա մեր նոր Հայաստանի հաղթանակն է։ Այս անգամ էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Պարզապես եւս մեկ փաստ Նոր Հայաստանի մասին»: Այո, սա եւս մեկ փաստ է նոր Հայաստանի մասին, որ կարող է որոշակի անվստահություն առաջացնել այլ պաշտոններում կառավարող ուժի հավանական թեկնածուների շրջանում, բայց մեծ հաշվով, դրական է։ Բնավ պարտադիր չէ, որ հենց մեծամասնության թեկնածուն է ընտրվի։
Իսկ եթե խոսենք կոնկրետ այդ դեպքի մասին, ապա դրական պիտի համարել այն, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ղեկավարելու է ընդդիմության թեկնածուն։ Հիշում եք, ժամանակին ընդդիմությունն ինչքան էր հորդորում ու պահանջում, որ ընդդիմությանը վերապահվեն վերահսկողական որոշ լծակներ, որ ստեղծվի հակակոռուպցիոն մարմին եւ այն ղեկավարելու իրավունքը տրվի ընդդիմությանը, սակայն այս պահանջները անպատասխան էին մնում։
Իշանությունը չէր մտածում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքար կոչվածն առաջին հերթին ուղղվելու է իր դեմ եւ իր իշխանության հիմքերը խարխլելու նպատակ է ունենալու: Հիմա նման խնդիր չկա։Եւ ուրեմն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ղեկավարել ընդդիմության ներկայացուցիչը։Մնում է, հուսալ, որ հանձնաժողովը կարողանա հնարավորիս արդյունավետ աշխատել, լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Չստացվի այնպես, որ միայն թղթերով է ամեն ինչ լավ։