Ի դեպ․ Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելության մասին
Ի դեպԻ դեպ, հանրային բավական նկատելի ուշադրության է արժանացել հայ եւ Ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան։ Ճիշտ է, նախկինում ոչ պաշտոնական մակարդակներով, լրագրողների, արվեստի, մշակույթի գործիչների շփումներ տարբեր ձեւաչափերով, հիմնականում երրորդ երկրներում , եղել էին, սակայն այս մեկը կարելի է համարել բացառիկ ու եթե կուզեք՝ աննախադեպ։ Աննախադեպ էր, քանի որ սա առաջին առաջին անգամն էր, որ նման փոխայցելություն է կազմակերպվում երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։
Ընդ որում, առաջին անգամն էր, որ Ադրբեջան է այցելում Արցախի ներկայացուցիչ լրագրողը, իսկ ադրբեջանցի լրագրողներն էլ այցելում են Արցախ։ Այցի մասին տեղեկությունները հրապարակվեցին այն ժամանակ, երբ դրանք արդեն կայացած փաստ էին եւ այս առնչությամբ որոշ դժգոհություններ հնչեցին, սակայն պետք է ասել՝ անտեղի։ Պետք է հաշվի առնել մասնակից լրագրողների անվտանգության գերկարեւոր խնդիրը։ Եւ բնական է, որ կազմակերպիչները լուրջ մտավախություններ պիտի ունենային լրագրողների անվտանգության մասով ու դրանով էլ պայմանավորված էր այդ գաղտնիությունը։
Ի՞նչ կարելի է ասել նպատակների, ակնկալիքների ու արդյունքների մասին։ Իհարկե պետք չէ գերագնահատել այս փոխայցերի նշանակությունն ու դրանցից կոնկրետ շոշափելի արդյունքներ ակնկալել։ Այն ավելի շատ պետք է դիտարկել երկու երկրներում լրագրողների աչքերով իրականությունը ինչ որ չափով տեսնելու, խաղաղության ու պատերազմի մասին տրամադրությունները շոշափելու եւ սեփական երկրներում այդ մասին տեղեկություններ փոխանցելու շրջանակներում։
Այս առումով, չնայած հնարավորություն չի եղել շփվել հասարակ քաղաքացիների հետ, սակայն մնացած շփումները ցույց են տվել, որ հայերի հանդեպ ագրեսիվության ու ատելության մակարդակն առայժմ կրիտիկական մակարդակի չեն հասել, չնայած Իլհամ Ալիեւի,ինչպես ընդունված է ասել ռազմատենչ հռետորաբանության։ Իսկ ի՞նչն էր մղել Ալիեւին նման խաղաղասիրական պայմանավորվածության գալ։ Գուցե ոչ թե ինչը, այլ ով։ Գուցե սա իշխանությունը կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային փոխանցելու տրամաբանության մեջ է եւ պետք է պարզապես առերեւույթ տպավորություն ստեղծել, որ ադրբեջանցիները, եւս չեն ցանկանում պատերազմ եւ հույս ունեն, որ խնդիրը հնարավոր կլինի լուծել խաղաղ անապարհով:
Ամենաբարդը, սակայն փոխզիջումների հարցն է, որին այնտեղ պատրաստ չեն: Ամեն դեպքում, Բաքու այցելած լրագրող Դավիթ Ալավերդյանի խոսքով, կարող ենք վստահ լինել, որ յուրաքանչյուր նման այց նպաստում է այն համոզմունքի ամրապնդմանը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Առնվազն Հայաստան այցելած ադրբեջանցի երեք լրագրողները հոգու խորքում դա արդեն գիտակցում են: