Ռոմանտիկ է. սիրում է իշխել և եսակենտրոն է. Գագիկ Ծառուկյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Ֆոտո
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ ենք փորձել բացահայտել նրա անձը։
Տվյալ ձեռագիրը կրող անձին բնորոշ է զգացմունքների բուռն դրսևորումներ, որոշ դեպքերում նաև ագրեսիվություն։ Սովորաբար նման անձինք չեն հանդուրժում կրել ենթարկվող դերեր ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում։ Նա սիրում է համառել և պնդել սեփական տեսակետը։ Այդ անձը ձգտում է շփվողականության, նրան հարմար է այնպիսի աշխատանք, որը կապված կլինի միջանձնային շփումների հետ։
Միևնույն ժամանակ զգոնություն պահանջող իրավիճակներում այդ անձը կարող է դրսևորել զսպվածություն և զգացմունքների վերահսկում, ինչը ցույց է տալիս, որ այդ անձը իր գիտակցությամբ ամբողջությամբ կառավարում է զգացմունքները, սակայն նա բարեհամբյուր է և զգացմունքային։
Նման ձեռագիր ունեցող անձը ունի սեփականատիրոջ և համառ բնավորություն, նրա ձգտումները կապված են իդեալական նպատակների հետ։ Այդ անձը ռոմանտիկ է, սիրում է ապրել նրբագեղ կյանքով, նրան հեշտ է շողոքորթել։ Լավատես է և էներգիայով լեցուն։ Սիրում է իշխել և եսակենտրոն է։
Շարքը՝ Արմինե Նավոյանի