Ինչու ՞ է առավոտ շուտ հրատապ խորհրդակցություն հրավիրել ԲԴԽ նախկին նախագահը․ մանրամասներ
Քաղաքական
Armdaily.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաև ԲԴԽ անդամները։ Նման շտապողականության պատճառը եղել է երեկ Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդումը, որի հյուր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննադատել է Հարությունյանին։ Պատգամավորը մասնավորապես անդրադարձել է նրա կողմից չպատճառաբանված, պետբյուջեի միջոցներով ձեռք բերված թանկարժեք մեքենաներին, այն պարագայում, երբ դատավորների համար հասարակ թուղ ու քարթրիջ զլանում են ձեռք բերել՝ պատճառաբանելով միջոցների սղությունը։ Թովմասյանը ուշադրություն է հրավիրել Գագիկ Հարությունյանի կողմից կարծես հենց իր չափանիշներով գրված, այսպես կոչված անձնական օգտագործման օրենքներին։ Մասնավորապես՝ պատգամավորը մատնանշել է, որ Գագիկ Հարությունյանն այնպիսի օրենսդրական ձևակերպումներ է արել, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է դարձել՝ պահպանելով ՍԴ նախագահի բարձր աշխատավարձը։ Նույնը վերաբերում է նաև թոշակին, որի բարձր լինելու երաշխիքները հոգացել է հենց ինքը՝ Գագիկ Հարությունյանը։
Հենց այս հարցերն են խիստ փոթորկել Հարությունյանի անդորրն, ով խորհրդակցության մասնակիցներից կարծիք է հարցրել հաղորդման և դրա հնարավոր հետևանքների մասին։ Խորհրդակցությունից մանրամասներ փոխանցած մեր աղբյուրը նշում է, որ կարծիքները տարբեր են եղել։ Ոմանք սա համարել են իշխող կուսակցության կողմից արված ահազանգ, մյուսները հիշեցրել են, որ Թագուհի Թովմասյանը ոչ վաղ անցյալում խմբագիր է եղել և նրա լրատվամիջոցը բազմիցս է անդրադարձել ու քննադատել ԲԴԽ-ին և նրա նախագահին, անգամ հետաքննական շարք է ունեցել այդ թեմայով։ Լսելով հնչող տեսակետները՝ մասնակիցներից մեկն առաջարկել է առավել առարկայական քննարկում ունենալ և պարզել, թե պատգամավորի ասածներից, որն է հնարավոր հերքել և որ մասը չի համապատասխանում իրականությանը։ Մեզ հասած լուրերի համաձայն,հենց այդպես էլ ավարտվել է խորհրդակցությունը, որևէ մեկը խելքին մոտ հակափաստարկ չի բերել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով հրավիրելու առաջարկ էր ներկայացրել, որը մերժվել էր հարությունյանական բարձրագոչ ձևակերպումներով ։ Հանրայինի եթերում պատգամավորն ասաց, որ պատրաստվում է վերաշարադրել նամակը և նորից հրավիրել Հարությունյանին։