Family portrait. Ես ուզում եմ լինել Թուրքիայում Հայաստանի առաջին դեսպանը. Մխիթար Հայրապետյան
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է:
Պատգամավորը ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Երևանում: 2007 թվականին ավարտել է Երևանի N127 դպրոցը:
Մխիթար Հայրապետյանը մասնագիտությամբ արեւելագետ է, ավարտել է ԵՊՀ-ն։ Ունի մագիստրոսի կոչում։ Նորանշանակ նախարարը զբաղվել է զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ 2015 թվականից իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր։ Մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում: ՀՀ ԶՈՒ չի ծառայել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում:
2018 թվականի մայիսի 5-ից եղել է Սփյուռքի ամենաերիտասարդ և վերջին նախարարը:
Եվրոպայի արդի պատմության մեջ Մխիթար Հայրապետյանն ու Սեբաստիան Կուրցը (Ավստրիա, Արտաքին գործերի նախարար) միակն են, որ 27 տարեկանում արդեն նշանակվել են նախարարի պաշտոնում:
Թավշյա հեղափոխության մեջ Մխիթար Հայրապետյանը կարևոր դեր է ունեցել: Իր հարցազրույցներից մեկում երիտասարդ պատգամավորը նշել է, որ քայլարշավ սկսելու գաղափարը եղել է իրենը, որը առաջին անգամ մերժվել է թիմակիցների կողմից, բայց հետո ընդունվել:
17 տարեկանից պատգամավորը ակտիվ հասարակական կյանք է վարել, և իրեն տեսել է որպես Թուրքիայում առաջին հայ դեսպան:
Մխիթար Հայրապետյանը Քաղաքացու երգի կատարող Հայկ Ստվերի եղբայրն է:
Ծնունդով երևանցի 38 –ամյա Հայկ Ստվերը (Հայրապետյան) 6 տարի է՝ Կիևում է բնակվել, Հայաստան է վերադարձել թավշյա հեղափոխության օրերին և մտադիր է մնալ ու ստեղծագործել Հայաստանում:
Հենց եղբայրն էլ միջնորդել էր, որ երգը Հայկը կատարի:
Հայաստանում Հայկը երգել է գիշերային ակումբներում: Ինչպես նա նշել է հարցազրույցներից մեկում, Հայաստանից հեռացել է գործնական ու անձնական պատճառներով: Ծնողներն էլ դեմ են եղել որդու բեմական կյանքին:
Եղբայրները դեռ 2008 թվականից ակտիվ մասնակցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի ծավալած գործողություններին: Հայկի խոսքով՝ այդ ժամանակ ցույցերի մեջ ակտիվն ինքն էր, պասիվը՝ եղբայրը՝ Մխիթարը:
Ծնողները այնքան էլ գոհ չեն եղել իրենց զավակների վարած կյանքից: Եղբայրների հայրը՝ քարագործ Իոսիֆ Հայրապետյանը, ցանկացել է, որ ավագ որդին դառնա ճարտարապետ:
Իոսիֆ Հայրապետյան
Անդրադառնալով իր Ստվեր կեղծանվանը՝ երգիչը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կեղծանունն ավելի հեշտ է հիշվում, քան անունը: Նա այդ կեղծանունով մասնակցել է նաև «X Factor» նախագծին:
Հայկը, խոսելով եղբոր քաղաքական կարիերայի մասին, նշել էր, որ ընտանիքի անդամներով միշտ էլ կատակել են պատգամավորի հետ` ասելով, որ մի օր նախագահ է դառնալու: Ինչ վերաբերում է եղբայրների փոխհարաբերություններն, ապա Հայկի խոսքով՝ կռիվներ և կոնֆլիկտներ չեն ունեցել իրար հետ, միայն հազվադեպ լեզվակռիվներ են եղել:
Շարքի նախորդ հերոսները՝
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ