Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին
Քաղաքական
«Ես այնտեղ մի արտգործնախարար տեսա, երկրորդին չեմ տեսել։ Մի արտգործնախարար եմ տեսել, այն էլ՝ վերապրոֆիլավորված, նկատի ունեմ ադրբեջանական կողմին։ Հայկական կողմից ո՛չ դիվանագիտություն եմ տեսել, ո՛չ արտգործնախարար»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ նախօրեին Ժնևում կայացած հանդիպմանը։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական դիվանագիտությունն ինչպես միշտ «անդամալույծ» է. անգամ այն ժամանակ, երբ բանակն ինչ-որ բան կարող էր ասել, չկար դիվանագիտություն։ «Ինչին մենք ականատես ենք լինում հայկական դիվանագիտության ոչ փառահեղ դրսևորումն է։ Մենք պետք է արձանագրենք և ընդունենք, որ Հայաստանը այս 30 տարիների ընթացքում դիվանագիտություն չի ունեցել ու չակերտավոր հեղափոխությունից հետո դրա մեջ որևէ վճռական նոտա չի ավելացել։ Մեր երկրի անկախությունից սկսած մենք դիվանագիտություն երբեք չենք ունեցել»,- ասաց Այվազյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպման ընթացում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ հարցը։ Ըստ Այվազյանի՝ առաջին անգամը չէ, որ իշխանությունները անդրադառնում են ԼՂ բնակչության ավտանգության հարցին և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին։ Դա խոսում է մի բանի մասին՝ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից։
«Եվ հիմա մենք հերթական անգամ ականատես ենք լինում որոշակի խոսակցությունների՝ ինչ-որ կարգավիճակ, ապրելու հնարավորություն, ինչ-որ իրավունքներ։ Արդեն չենք խոսում անկախության, Հայաստանի հետ միացման վերաբերյալ։ Եթե մենք խոսում ենք այս հարցի վերաբերյալ, ապա պարզ է՝ Հայաստանն արդեն վաղուց է «ձեռքերը լվացել» Արցախի ինքնորոշման գործընթացից»,-նշեց ադրբեջանագետը։
Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին։ Այվազյանը կարծում է՝ պետք է գիտակցել խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ։
«Վաղուց են շրջանառվում այն լուրերը, որ ինչ-որ տեքստ գոյություն ունի։ Իմ սիրելի լրագրողի մենթորն էր վերջերս ելույթ ունեցել՝ ասելով, որ պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը։ Բայց արդյոք իմ սիրելի լրագրողը, ձեր վարչապետը, ինձ համար երբեք դա նույն հարթության վրա չի եղել, կարողանալո՞ւ է ստորագրել այդ տեքստը՝ մեզնից յուրաքանչյուրից է կախված։ Պետք է հասկանանք՝ արդյոք այս պայմաններին գնալով չե՞նք գրգռում Ադրբեջանի ախորժակը, մեզ համար ընդունելի է խաղաղությունը, բայց ի՞նչ գնով։ Դա է ամբողջ հարցը։ Ես ցավում եմ, որ այս հարցուպատասխանի համար մենք ամեն օր զոհեր ունենք, այդ կեղծ օրակարգի ստորագրումից հետո մենք շարունակում ենք անդառնալի կորուստներ ունենալ»,-ամփոփեց Գրիգորի Այվազյանը։
Արփինե Նավասարդյան