Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ
Քաղաքական
Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը»։ Այս մասին տեղեկացրել է APA-ն։
Ոմն գործիչ՝ Սաբուհի Հուսեյնով անունով, որն իրեն «պատմաբան» է անվանել,պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ վերը նշված պնդման մեջ որևէ ռացիոնալ տրամաբանություն պետք չէ փնտրել, որովհետև մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա։
«Դա ակնհայտ է, որ այն պարսկական մզկիթ է և կառուցվել է պարսկական տիրապետության ժամանակաշրջանում։ Բայց քանի որ Ադրբեջանը սեփական մշակույթ չունի, միշտ էլ ուրիշ մշակույթներն է փորձել յուրացնել՝ հայկականը, իրանականը, լեզգիականը և այլն։ Հիմա տեսնում ենք մշակույթների յուրացման հերթական դրսևորումը»,- ասաց Վարդանյանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը նման պնդումներ է անում։ Ինչպես հիշեցնում է իրանագետը, մի քանի ամիս առաջ ևս նմանօրինակ հայտարարություն եղավ, ինչին ի պատասխան հաջորդեց իրանական կողմի շատ կոշտ պատասխանը։
«Սա նոր դրսևորում չէ։ Նույնիսկ Խորհրդային տարիներին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում այդպիսի բաժին էր բացվել և ամեն ինչ փորձում էին ադրբեջանականցնել։ Նունիսկ Երևանն են համարում ադրբեջանական քաղաք, այդ մասին Ալիևն է պնդումներ արել։ Այնտեղ հատուկ գիտական մակարդակով զբաղվում են Ադրբեջանի պատմության և ադրբեջանցի ազգի կերտմամբ, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ադրբեջանցի ազգ չկա, իրենք արհեստականորեն են փորձում ստեղծել, որը իրենց մտահղացման մեջ պետք է ունենա մշակույթ, դարերի պատմություն»,- ասաց Վարդանյանը։
Բացի վերը թվարկածից, Վարդանյանի կարծիքով՝ նման գործելաոճը միտում ունի Հայաստանի վրա ճնշում գործելու։ Դա անում են ոչ միայն ուժի կիրառմամբ, այլև մշակութային, դեմոգրաֆիական էքսպանսիա իրականացնելով։
«Պատահական չէ, որ Ալիևը տարիներ շարունակ պնդել է, որ Հայաստանում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ են ապրել, դրանք տեղաբնիկներ են եղել, որոնք ենթարկվել են տեղահանության և այլն։ Այնպես որ ավելի շատ դա Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին է վերաբերում։ Ի միջի այլոց, դա սովետական տարիներին բավականին հաջողությամբ իրականացրել են, որովհետև կար մի պահ, երբ Հայաստանի սահմանամերձ բոլոր բնակավայրերի մեծ մասում արդեն ադրբեջանական գյուղեր էին»,- ասաց իրանագետը։