«Տաշի-տմբլ» «Զվարթնոց»-ում. որքա՞ն արժե տաճարի վարձակալումն ու ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ խնջույքները (տեսանյութ)
Տեսանյութ«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում երկու օր առաջ անցկացվել է անձնական բնույթի խնջույք՝ մեծաթիվ հյուրերի և շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ։ Ինստագրամում հայտնված հոլովակից պարզ երևում է, որ արգելոց- թանգարանի տարածքում հնչում է շատ բարձր երաժշտություն, իսկ բեմը՝ հագեցած լուսաձայնային հզոր տեխնիկայով, տեղադրված է տաճարի վրա ու ներքևի հատվածում։
ArmDaily.am-ը կապ հաստատեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու արգելոց-թանգարանի տարածքում կորպորատիվ միջոցառումների նպատակահարմարությունը, նաև ճշտելու, պահպանվե՞լ են արդյոք անվտանգության կանոները, որպեսզի չվնասվեն տաճարի ավերակները։ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրելի է։ Փոխարենը, ինչպես գիտենք, հուշարձանների տարածքում չի թույլատրվում բարձր երաժշտություն, քանի որ դրա հետևանքով կարող են վնասվել քարերը։ Իսկ համացանցում պտտվող հոլովակից ակնհայտ է, որ միջոցառմանը հնչել է բավականին բարձր երաժշտություն։
ՊՈԱԿ-ի ղեկավարը, սակայն, պնդում է՝ երաժշտության ձայնն այնքան բարձր չի եղել, որքան թվում է։ «Կարծում եմ՝ դա հոլովակից է։ Դինամիկները տեղադրված են եղել բուն տաճարից հեռու, բեմը եղել է աստիճանների դիմացի հատվածում։ Բոլոր կանոնները պահպանվել են»,-վստահեցրեց Հովհաննիսյանը։ Հոլովակը դիտելիս, սակայն, հակառակ համոզմանն ենք հանգում։ Պարզից էլ պարզ երևում է, որ բեմահարթակը գրեթե աստիճանների վրա է, իսկ լուսաձայնային տեխնիկական տեղադրված է տաճարի սյունների հարևանությամբ։ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոցառման ընթացքում իրենք ստուգայցեր են իրականացրել, երաժշտության հետ կապված որոշակի զգուշացումներ արել, ինչից հետո խնդիրը հարթվել է, միջոցառումը՝ շարունակվել։ Դիտարկմանը, թե ստուգայցն,իհարկե, ինքին լավ քայլ է, բայց որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ դրանք իրականցվել են հավուր պատշաճի, կամ որքանո՞վ մի քանի ստուգայցերը կարող են կանխել հուշարձանների վնասումը, Հովհաննիսյանն արձագանքեց.«Մենք միջոցառման կազմակերպչի հետ ունենք կնքված պայմանագիր, որտեղ ամեն ինչ մանրամասն նշված է լինում։ Եթե որևէ խախտում է տեղի ունենում, արդեն պատիժը լինում է պայմանագրում սահմանված կարգով։ Կախված խախտումից՝ պատիժը կարող է լինել տուգանքից մինչև ազատազրկում»։ Իսկ թե որքանով է նպատակահարմար հուշարձանների տարածքում անձնական բնույթի խնջույքների կազմակերպումը և արդյոք դա հուշարձանների ներկայացման լավագույն տարբերակն է, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը կարծում է՝ եթե հուշարձանին որևէ վնաս չի հասցվում, չի խաթարվում տեսքը, ապա որևէ խնդիր չկա։
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ տաճարի տարածքը միջոցառման կազմակերպիչներին տրամադրվել է ժամը 18։00-23։00-ն ընկած ժամանկահատվածում ։ «Միջոցառումն անց է կացվել արգելոց-թանգարանի աշխատանքային ժամից հետո։ Արգելոց-թանգարանի տարածքը որպես այդպիսին չի փակվել, թանգարանի աշխատանքը չի խաթարվել։ Միջոցառման 1 ժամի համար վճարվել է 500.000 դրամ։ Ամբողջ հասույթը՝ 2.500.000 դրամը, եկել է ՊՈԱԿ-ին, որն ուղղվում է նաև ենթակառուցվածքների զարգացմանը»,-ամփոփեց Հովհաննիսյանը։
Մելինե Պետրոսյան