Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան
Իրավական
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ բողոք է ներկայացրել իրեն հունիսի 23-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ: Ինչպես News.am-ի հետ զրույցում ասել է Վարդազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանը, Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, ինչից հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և այդ հանգամանքները կարող էին ազդել որոշման վրա:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ուրբաթ երեկոյան են ստացել բողոքարկումը։
«Բայց չեմ հասցրել նայել բովանդակությունը, ուրիշ կարևոր գործեր ունեի։ Անպայման կնայենք մոտակա օրերին և օրենքով նախատեսված կարգով ընթացք կտանք, խնդիր չեմ տեսնում, քանի որ սա առաջին դեպքն է մեր պրակտիկայում, որ հանգամանքի հիման վրա վերանայման բողոք է ներկայացվել։ Ենթադրում եմ՝ Խորհրդով այսօր կամ վաղը կքննարկենք՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ խորհուրդը նիստ կնշանակի, եթե անհրաժեշտ լինի՝ կողմերին կլսի։ Եթե Խորհուրդը գտնի, որ հիմնավոր է և կարիք կա, նիստը կշարունակվի, ապա որոշում կկայացվի»,- ասաց Բեքմեզյանը։
Արամ Օրբելյանը խնդրել է ԲԴԽ-ին որոշում ընդունել մինչև հուլիսի 27-ը, քանի որ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության՝ հուլիսի 27-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է, իսկ դա պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարմամբ։ Անդրադառնալով այս պնդմանը՝ ԲԴԽ անդամը նշեց, որ ԲԴԽ աշխատակարգի 9-րդ գլուխը կարգավորում է բողոքների վերանայման ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԲԴԽ-ն գործի քննությունը կարող է և՛ գրավոր, և՛ բանավոր ընթացակարգով իրականացնել, երկամսյա ժամկետում՝ կախված, թե Խորհուրդը ինչպես կորոշի։
«Եթե պարոն Օրբելյանը խնդրում է, որ արագ լինի, կքննարկենք նաև արագ լսելու տարբերակը։ Կտեսնենք՝ մեր ծանրաբեռնվածությունը ինչպիսին է։ Եթե գտնենք, որ իսկապես պետք է արագ քննենք, ապա կփորձենք քննել արագ։ Եթե տեսնենք, որ չենք հասցնում ավելի արագ, ապա կքննենք այն ժամկետներում, որը օրենքով նախատեսված է»,- նշեց ԲԴԽ անդամը։
Մյուս խնդիրը, որ բարձրաձայնվել է Օրբելյանի կողմից այն է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ այդ օրվա նիստին բացակայությունը հարգելի պետք է համարվեր, որովհետեւ ինքն ունեցել է առողջական խնդիր և ներկայացրել է բժշկական տեղեկանք։ Գրիգոր Բեքմեզյանը, սակայն, նշում է՝ տեղեկանք նիստի ժամանակ չի ներկայացվել։
«Նիստի ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել որևէ հարգելի պատճառի մասին, որը կարող էր հիմք լինել նիստին չներկայանալու։ Որոշումը այսօր պետք է հրապարակվի, այնտեղ կտեսնեք, տեղեկանքի վերաբերյալ կա հատուկ անդրադարձ»,- ասաց Բեքմեզյանը։